Պատերազմը դադարեցնելու ծրագրի, որը մշակել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, կետերից մեկում նշվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին: Սա Կիեւի հիմնական պահանջներից մեկն է, եւ առաջին անգամ ԱՄՆ-ը արտահայտում է նման երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամությունը։
Սակայն ծրագրում ինքնին այդ երաշխիքները որոշակիացված չեն: Այն պարզապես նշում է, որ եթե Մոսկվան կրկին ներխուժի Ուկրաինա, «ուժեղ, համակարգված ռազմական պատասխանից» զատ, կվերականգնվեն նրա դեմ բոլոր պատժամիջոցները։
Սակայն, ինչպես գրել է Axios-ը, ԱՄՆ-ը անվտանգության երաշխիքները հասկանում է որպես ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածի վրա հիմնված պարտավորություններ: Այս հոդվածը սովորաբար ամփոփվում է որպես դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը բոլորի վրա հարձակում համարելու պարտավորություն։
Սա նշված է մեկ այլ նախագծային փաստաթղթում, որի նախագիծը հրապարակել է Axios-ը եւ որը ստորագրման է առաջարկվում ոչ միայն Մոսկվայի, Կիեւի եւ Վաշինգտոնի, այլեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կողմից: Փաստաթղթում նաեւ նշվել է, որ եթե Ռուսաստանը կրկին հարձակվի Ուկրաինայի վրա, ԱՄՆ նախագահը, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ խորհրդակցություններից հետո, «կորոշի անվտանգությունը վերականգնելու համար անհրաժեշտ միջոցառումները»։ Փաստաթղթում նշվել է, որ դրանք կարող են ներառել ռազմական ուժ, հետախուզական եւ լոգիստիկ աջակցություն, տնտեսական եւ դիվանագիտական գործողություններ եւ այլ քայլեր։
Ստորագրվելուց հետո անվտանգության մասին համաձայնագիրը ուժի մեջ կմնա 10 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ։



























