Պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ պատրաստած ծրագրի ամբողջական տեքստի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունների ֆոնին եվրոպացի քաղաքական գործիչները մեկնաբանում են փաստաթուղթը, որի մշակմանը նրանք չեն մասնակցել։
Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը, տեղեկացրել է Reuters-ը, հայտարարել է, որ ԵՄ-ը կաջակցի ցանկացած ծրագրի, որն Ուկրաինային կբերի երկարատեւ եւ արդար խաղաղություն։
«Ինչ վերաբերում է այն ծրագրին, որը, ինչպես մենք հասկանում ենք, ներկայացվել է նախագահ Զելենսկուն, մենք միշտ ասել ենք, որ որրպեսզի դա աշխատի, Ուկրաինան եւ եվրոպացիները պետք է համաձայնեն դրան»,- ուրբաթ ասել է Կալասը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը առաջարկված ամերիկյան ծրագիրը համարում է Մոսկվայի եւ Կիեւի քննարկման ենթակա հարցերի ցանկ, այլ ոչ թե վերջնական փաստաթուղթ, նշել է Reuters-ը։
«Գերմանիայի դիրքորոշումը Եվրոպայի դիրքորոշումն է, եւ դա նշանակում է, որ մենք աջակցում ենք Ուկրաինային։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա բանակցել այս կետերի շուրջ ուժի դիրքերից»,- ասել է Վադեֆուլը։
«Մենք այժմ գնահատում ենք իրավիճակը մեր դաշնակիցների եւ Ուկրաինայի հետ միասին։ Ես քննարկել եմ հարցը վարչապետի եւ արտգործնախարարի հետ եւ կքննարկեմ այն կառավարության հետ»,- գրել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը X սոցցանցում։
Politco-ն, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Բրյուսելում ԵՄ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հստակորեն թելադրել է առաջարկվող ծրագրի պայմանները։
«Հիմնական եզրակացությունն այն է, որ ոչ մի խաղաղության ծրագիր չի կարող իրականացվել, եթե այն հիմնված է ագրեսորին հանդարտեցնելու վրա»,- պարբերականի աղբյուրի խոսքով՝ ասել է Սիբիգան։ «Սա կարող է հանգեցնել միայն նոր պատերազմի եւ բռնության Ուկրաինայում եւ ամբողջ Եվրոպայում»։
Wall Street Journal-ի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները աշխատում են պատերազմը դադարեցնելու այլընտրանքային ծրագրի վրա, որն ավելի բարենպաստ կլինի Ուկրաինայի համար։ Եվրոպան հույս ունի, որ փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա օրերին։
CNN-ը, հղում կատարելով Ուկրաինայում բնակվող եվրոպացի դիվանագետին, տեղեկացրել է, որ ծրագիրը անակնկալ է եղել եվրոպացիների համար։ Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնում գտնվող եվրոպացի դիվանագիտական գործընկերները նույնպես տեղյակ չեն եղել փաստաթղթի մշակման մասին։ «Մարդիկ, ովքեր պետք է իմանային այս մասին, ոչինչ չգիտեին... Սա նյարդայնություն եւ շփոթություն է առաջացնում»,- CNN-ին ասել է զրուցակիցը։




























