Կիեւում Ադրբեջանի դեսպանատան համալիրին վնաս է պատճառվել Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անսարքության պատճառով։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի եւ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաեւի հանդիպումից հետո։

«Ռուսական կողմն իր անկեղծ ափսոսանքն է հայտնում միջադեպի կապակցությամբ։ Միեւնույն ժամանակ, առկա տեղեկատվության ուսումնասիրման հիման վրա պարզվել է, որ Կիեւում Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելության համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անսարքության, ենթադրաբար՝ Patriot հրթիռի անկման պատճառով է եղել»,- նշվել է հայտարարության մեջ։