Եգիպտոսի Պորտ-Սայիդ քաղաքի ստադիոնում տեղի ունեցած իրադարձությունները ցնցել են միջազգային հանրությանը: Փետրվարի 1-ի երեկոյան Պորտ Սաիդում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ «Ալ Ահլի» եւ «Ալ Մասրի» թիմերի երկրպագուների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով զոհվել է 74 մարդ եւ տուժել` 300 մարդ:
Եգիպտոսի ոստիկանությունը Պորտ Սաիդում ձերբակալել է 47 հոգու, նրանց կասկածում են անկարգությունների հրահրման մեջ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
«Մուսուլման եղբայրները», ովքեր հաղթանակ են տարել խորհրդարանական ընտրություններում, ծեծկռտուքի պատասխանատվությունը դրել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների վրա` մեղադրելով նրանց երկրի հասարակական կյանքն ապակայունացնելու մեջ:
Ֆուտբոլի եգիպտական ֆեդերացիան գործ է հարուցելու եւ հայտնաբերելու է անկարգության մեղավորներին, հայտնում է ֆրանսիական Le Parisien–ը:
Միաժամանակ Le Figaro-ն ներկայացնում է պատգամավոր Էսամ ալ Էրիանի խոսքերը, ով հայտարարել է. «Պորտ Սայիդի իրադարձությունները նախօրոք կազմակերպված են եղել եւ իրականացվել են նրանց կողմից, ովքեր փորձում են եգիպտացիներին քաոսի մեջ գցել»:




























