Հայաստանում պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ կարեւորագույն օբյեկտների կիբեռանվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նոյեմբերի 21-ին խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի եւ դրան առնչվող օրենքներում փոփոխությունների երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ։
Նա նշել է, որ հանձնաժողովը կգործի որպես անկախ մարմին։
«Այն պատասխանատու կլինի էներգետիկ, ջրային եւ հեռահաղորդակցության բոլոր կարեւոր օբյեկտների կիբեռանվտանգության համար»,- նշել է Հայրապետյանը։
Օբյեկտների ցանկը կորոշվի գործող օրենսդրությամբ։ Դրանց անվտանգությունն ապահովվելու է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության միջոցով։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























