Մի խումբ քաղաքացիներ այցելել են Հովհաննավանք ու հանդիպել կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանին։ Զրույցի ընթացքում քաղաքացիները մեղադրել են Ասատրյանին եկեղեցին պղծելու մեջ։
«Դու զրպարտում ես, մեղադրում ես, հետո ասում ես իրանց արած կարգալուծությունը վավեր չի։ Դու ասում ես՝ մկրտությունը վավեր է՝ անկախ քահանայի մեղքից, ուրեմն քո կարգալուծությունն էլ է վավեր»,–ասաց քաղաքացիներից մեկը։
Ստեփան Ասատրյանը նախ նշեց, որ ինքը ոչ մեկին չի զրպարտում և ճշմարտությունն է ասում, ապա հավելեց, որ իրեն ձեռնադրել է եկեղեցին, իսկ կարգալույծ արել է կարգալույծ եղած մարդը։
Հարցին՝ ով է կարգալույծ արել, նա պատասխանեց. «Կտրիճ Ներսիսյանին կարգալույծ է արել իր պղծությունը։ Մարդիկ գիտեն, որ ինքն իր կուսակրոնության ուխտը խախտել է։ Ես չեմ զրպարտում, ես ինֆորմացիա ունեմ, որ ճիշտ եմ ասում։
Եկեղեցու կանոններն ասում է, որ կաթողիկոսն իրավունք չունի շնությամբ զբաղվելու, երեխաներ ունենալու և եկեղեցական սահմանադրությունը դա վավերացրել է։ Հիմա դու քո եկեղեցու հայրերի ընդունած կանոններին դե՞մ ես։ Բա եթե ոչ, դու իրեն հարց չունե՞ս տալու։ Դուք ձեր քրիստոնյա լինելը հաստատեք այդ հարցն իրեն տալով»։
«Դու նիկոլապաշտ ես, դու պղծել ես եկեղեցին։ Փաշազադեն հոխորտաց եկեղեցու վրա, հիշեց, որ պետք է հարձակվի, դու սկսեցիր արդարությունից խոսել»,- ի պատասխան նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նրան մեղադրեց ստախոսության մեջ. «Քննչականի հանձնարարականները քո համար ավելի կարևոր են քան պատվիրանները»,-ասաց տղամարդը։
Քաղաքացիները նաև պնդեցին որ եկեղեցին, որ ինքը զավթել է՝ պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։











