Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե լինեն երաշխիքներ, որ այն երկարաժամկետ է լինելու, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, տեղեկացնում է DW-ն։
Ըստ նրա, անվտանգության երաշխիքները, որոնք այժմ կան «Թրամփի ծրագրում», առայժմ նկարագրված են միայն ընդհանուր գծերով, ուստի դրանց մշակումը մեծ նշանակություն ունի։
«Մեզ ժամանակ է պետք մտածելու համար, թե ինչը կարող է դառնալ ամուր խաղաղության հուսալի հիմք։ Եվ ես կասկածում եմ, որ դա հնարավոր կլինի մոտ ժամանակներում», — նշել է նախարարը Tagesschau-ի հետ զրույցում։
Վադեֆուլն ընդգծել է, որ Ռուսաստանն այժմ ակտիվորեն մեծացնում է զինված ուժերը, ուստի վտանգ կա, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո նա կրկին ագրեսիվ գործողություններ կսկսի։ Բացի այդ, եվրոպացիներին միայն «վերջերս» են հայտնի դարձել ԱՄՆ-ի ներկայացրած ծրագրի մանրամասները։ Փաստաթղթում կան կետեր, «որոնք մեր՝ եվրոպական տեսանկյունից, պետք է այլ կերպ գնահատվեն», դրանք պահանջում են քննարկում, նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Միևնույն ժամանակ Վադեֆուլը կարծում է, որ վերջնական որոշումը Կիևինն է լինելու և այն պետք է լինի «ինքնիշխան»։




























