Մերձմոսկովյան Վիդնոյե քաղաքի դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել «Ուրալյան ավիաուղիներ»-ի բորտուղեկցորդուհի Վարվարա Վոլկովային՝ նրան մեղավոր ճանաչելով ՌԴ զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից։

«Դատարանը Վոլկովային մեղավոր է ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով (քաղաքական ատելության շարժառիթներով ՌԴ ԶՈւ օգտագործման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկությունների հրապարակային տարածում) և նրա նկատմամբ նշանակել է պատիժ՝ յոթ տարի ժամկետով ազատազրկման ձևով՝ ընդհանուր ռեժիմի գաղութում», - ասել են դատարանում։

Դատարանի հաստատմամբ, հունվարին Վոլկովան սոցիալական ցանցերում հանդիպել է հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսաստանցի տանկիստի գործողությունների մասին տեսանյութի, որի նկատմամբ թշնամանք է տածել Ուկրաինայի պատերազմին նրա մասնակցության պատճառով։

Ավելի ուշ նա տեսել է նրան հեռուստահաղորդման ժամանակ։ Նա գտել է տանկիստի հեռախոսահամարը, զանգահարել նրան և սպառնալիքներ հնչեցրել։ Ավելի ուշ մերձմոսկովյան Սապրոնովո գյուղի չատում Վոլկովան մի շարք գրառումներ է կատարել ի պաշտպանություն պատերազմի։ Դրանցից մեկում նա հայտնել է, որ պատրաստ է «թեյ հյուրասիրել Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներին, եթե նրանք գրավեն Մերձմոսկվան»։