Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ՝ Կվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության ընթացքում կիրակի օրը Ցկերեսի գյուղի մոտակայքում հենապատի կառուցման ժամանակ, ենթադրաբար հողի զանգվածի սահքի հետևանքով, շինարարական ընկերության հինգ աշխատակիցներ՝ Թուրքմենստանի և Չինաստանի քաղաքացիներ, հայտնվել են փլատակների տակ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Այս պահին հայտնաբերվել են չորս զոհվածների մարմինները, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները և ավտոճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչները։ Սկսվել է քննություն։

«Ավտոճանապարհների դեպարտամենտը պահանջում է կապալառու կազմակերպությունից խստորեն պահպանել անվտանգության նորմերն ու կանոնները աշխատանքների իրականացման ընթացքում։ Ավտոճանապարհների դեպարտամենտը ցավակցում է զոհվածների ընտանիքներին», — ասվում է դեպարտամենտի հայտարարությունում։

Կվեշեթի-Կոբի հատվածը կազմում է թունելային ճանապարհի մի մասը, որը փոխարինում է Լարսը և հնարավորություն կտա շրջանցել Վրաստանը և Հայաստանը միացնող ամենաբարդ հատվածը՝ Կոբի-Գուդաուրին