Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ կիրակի օրը Բեյրութի հարավային արվարձանին ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ» շարժման բարձրագույն ռազմական ներկայացուցիչը՝ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկ տարի առաջ կնքված հրադադարին, հայտնում է Reuters-ը։

Հարվածը, որը առաջինն էր վերջին ամիսներին Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններում, հասցվել է «Հեզբոլլահի» շտաբի պետի պաշտոնակատար Ալի Թաբատաբայիին, ասվում է ՑԱՀԱԼ-ի հայտարարությունում։ «Հեզբոլլահը» հաստատել է Թաբատաբայիի մահը։

«Իսրայելի հարվածը անցավ կարմիր գիծը», — հայտարարել է «Հեզբոլլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Քմատին՝  Հարեթ-Խրեյքի արվարձանում ռմբակոծված շենքի մոտ կանգնած։

Ըստ նրա, «Հեզբոլլահի» ղեկավարությունը կորոշի՝ արդյոք շարժումը կարձագանքի և եթե այո՝ ինչպես։

ԱՄՆ-ն 2016 թվականին սահմանել էր պատժամիջոցներ Թաբատաբայիի նկատմամբ՝ նրան անվանելով «Հեզբոլլահի» առանցքային առաջնորդ և առաջարկելով մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար նրա մասին տեղեկության համար։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 28-ը վիրավորվել են։ Հարվածը հասցվել է բազմահարկ շենքին, որի փլատակները ընկել են ներքևում կանգնած ավտոմեքենաների վրա։

Reuters-ի թղթակիցը փոխանցում է, որ մարդիկ դուրս էին վազում իրենց բնակարաններից՝ վախենալով նոր ռմբակոծություններից։ Հարվածից հետո Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել՝ կանգնեցնելու իսրայելական հարձակումները։