Անցած շաբաթ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է երկու փաստաթղթի նախագծեր՝ 28 կետից բաղկացած ծրագիր և անվտանգության երաշխիքների համաձայնագիր Ուկրաինայի համար, նշվում է РБК-Украина-ի «Թրամփի վերջնագիրը և 28 կետերը․ ինչ է իրականում տեղի ունենում Ուկրաինայի խաղաղության ծրագրի շուրջ» նյութում։
Նոյեմբերի 19-ին Կիև է ժամանել ամերիկյան պատվիրակություն՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մտերիմ ընկեր Դենիել Դրիսկոլի՝ ցամաքային զորքերի նախարարի գլխավորությամբ, որպեսզի քննարկի այս ծրագիրը։
Երեք օրերի ընթացքում ամերիկացի բանակցողները Կիևում մի շարք հանդիպումներ են անցկացրել Ուկրաինայի քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև եվրոպացի դեսպանների հետ։ The Guardian-ի տվյալներով, Թրամփը պաշտոնապես նշանակել է Դրիսկոլին իր «հատուկ ներկայացուցիչը»՝ խաղաղության ծրագիրն առաջ տանելու համար։
«Մեզ մոտ եկան վերջնագրով․ եթե մինչև նոյեմբերի 27-ը չաջակցեք այս ծրագրին, ապա հետագայում, խնդրեմ, ինքներդ շարունակեք եվրոպացիների հետ․ մենք ամեն ինչ կդադարեցնենք՝ և՛ զենքի մատակարարումները, և՛ հետախուզական տվյալները։ Ամեն ինչ կկտրենք։ Նրանց հռետորաբանությունը այցի առաջին օրը շատ կոշտ էր, թեև հետո մի փոքր մեղմացավ», – պատմել է РБК-Украина-ի տեղեկացված աղբյուրներից մեկը։
Այս վերջնագիրը հաստատել են նաև այլ զրուցակիցներ։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քանի որ «Ուկրաինան կորցնում է տարածքներ», ապա Նոյեմբերի 27-ի Գոհաբանության օրը «հարմար պահ է Կիևի համար՝ համաձայնելու խաղաղության պայմանագրին»։ Միաժամանակ նա ռուսաստանցիներին սպառնացել է նոր «շատ հզոր» պատժամիջոցներով։
Պարբերականի տվյալներով, Դրիսկոլը Կիև է ժամանել երկու փաստաթղթի նախագծի քննարկման համար։ Դրանցից մեկը համապարփակ փաստաթուղթ է՝ 28 կետերով, որոնք արդեն հրապարակվել էին Axios-ի կողմից։ Այն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ սկսած տարածքային հարցերից մինչև Ռուսաստանի վերաինտեգրման պայմանները համաշխարհային տնտեսության մեջ։
Ուկրաինական լրատվամիջոցը պարզաբանում է, որ սա վերջնական փաստաթուղթ չէ, այլ նյութ, որը փոխանցվել է ուկրաինական կողմին քննարկման համար։ Հենց այդ 28 կետերն էլ դարձել են Ժնևում երեկ կայացած բանակցությունների թեմա ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև, և հավանաբար դրանք արդեն փոփոխությունների են ենթարկվել։





























