Մեկնարկել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ Խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025 թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ։

Հասարակական խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ Գործունեություն բաժնի Համագործակցություն գործարար միջավայրի հետ ենթաբաժնում։

Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողները կարող են անդամակցության հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ մինչև 2025թ․ դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերն ու թերի փաստաթղթերը չեն դիտարկվելու։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել 060 844-799 հեռախոսահամարով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի կազմում անդամների ներգրավման մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի նպատակն է`

1) ապահովել հարկային և մաքսային քաղաքականության ու վարչարարության ոլորտում խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը,

2) ձևավորել ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի,

3) ներգրավել շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին:

Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված է ՀՀ վարչապետի 2025թ. սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հայտեր կարող են ներկայացնել․

1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք գործունեություն են ծավալում Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտների առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտներում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն),

2) ֆիզիկական անձինք, որոնք գործունեություն են ծավալում Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտների առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտներում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել Պետական եկամուտների կոմիտեի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։

Հասարակական խորհրդի անդամների թվաքանակի 25%-ն ընդգրկվում է համայնքներում (բացառությամբ Երևան քաղաքի) գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հայտեր կարող են ներկայացնել՝

1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ-ի որևէ համայնքի տարածքում է և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտների առնվազն երկու տարվա գործունեության փորձ (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտներին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն),

2) ֆիզիկական անձինք, որոնք հաշվառված են ՀՀ-ի որևէ համայնքում և տվյալ համայնքում կամ մարզում գործունեություն են ծավալում Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտների առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն (մասնակցել են ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել Պետական եկամուտների կոմիտեի, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտներին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպություն ների հետ և այլն)։

Խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտ` պարտադիր նշելով`

1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

2) ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3) համայնքը կամ մարզը, որտեղ ծավալում են գործունեությունը,

4) Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական ոլորտը, որում ունեն նախատեսված փորձ կամ մասնագիտական փորձառություն և հայտատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ։

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

1) կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը և հաշվառման հասցեն,

2) կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը),

3) կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին,

4) կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող առկա փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն):

Հայտը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2025թ. նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ` դրանք ուղարկելով [email protected] էլ. փոստին:

ՊԵԿ հասարակական խորհրդի հետ աշխատանքների կազմակերպման պատասխանատու՝ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Աստղիկ Մարկոսյան, հեռ․՝ 060 844-799: