Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը պատրաստ է կեցության հատուկ ռեժիմ սահմանել ԵԱՏՄ անդամ երկրների բեռնատարների վարորդների համար։ Այս մասին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Համաձայն նոր կանոնների, առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատանքի նպատակով, կարող են երկրում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։

Պատգամավորը նշել է, որ նոր սահմանափակումները դժգոհություն են առաջացրել բեռնատարների վարորդների շրջանում, քանի որ նրանց կեցության ժամկետը սկսել է սպառվել դեռևս տարին չավարտված՝ թե՛ ճանապարհին ծախսված ժամանակի, թե՛ սահմանային հերթերի պատճառով։ Դրա հետ կապված՝ նա հետաքրքրվել է փոխնախարարից՝ արդյոք բանակցություններ վարվում են նշված ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ։

Սիմոնյանն ի պատասխան հայտնել է, որ նույնաբովանդակ հարցեր բարձրացրել են նաև Ղազախստանն ու Ղրղզստանը։ Ընդ որում, սահմանափակումները չեն տարածվում Բելառուսի վրա, քանի որ այն այսպես կոչված Միութենական պետության անդամ է։

Ըստ փոխնախարարի, բանակցությունների մի քանի փուլից հետո ռուսաստանյան կողմը հասկացրել է, որ պատրաստ է դիտարկել ԵԱՏՄ երկրների վարորդների համար հատուկ ռեժիմ սահմանելու հնարավորությունը։