Ռուսաստանի վերադարձը տնտեսապես զարգացած առաջատար ժողովրդավարությունների խումբ՝ այսպես կոչված «Մեծ յոթնյակ» (G7)՝ անհնար է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է բոլոր անդամների համաձայնությունը, ինչը չկա:  

Գերմանիայից բացի, «Մեծ յոթնյակ»-ի մեջ են մտնում նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան: «Ես չեմ տեսնում, որ G7-ի վեց գործող անդամները, ի տարբերություն Միացյալ Նահանգների, պատրաստ են Ռուսաստանին վերստին ընդունել այդ շրջանակ»,- Հարավային Աֆրիկայում G20 գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Մերցը: Նոյեմբերի 22-ին նմանատիպ կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի G7-ում վերականգնման պայմանները, ինչպես նաև նման քայլի միաձայն աջակցությունը ներկայում բացակայում են:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի հարցով ամերիկյան և եվրոպական խաղաղության ծրագրերում Ռուսաստանին խումբ հրավիրելու դրույթ է ներառված: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին G8-ից բացառելը սխալ էր անվանել: Նա պնդել է, որ եթե դա տեղի չունենար, Ուկրաինայում «մահացու պատերազմ» չէր սկսվի։ Թրամփը հայտարարել էր նաև, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Ռուսաստանը վերադարձնել առաջատար համաշխարհային տնտեսությունների խումբ։ Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն ավելի շատ հետաքրքրված է «Մեծ քսանյակ»-ում (G20) աշխատանքը շարունակելով, քան G8-ի վերականգնմամբ։

Պուտինը կարծում է, որ G7-ը «զգալիորեն կորցրել է իր արդիականությունը». «աճի կենտրոնները տեղափոխվել են աշխարհի այլ տարածաշրջաններ», ուստի «Մեծ քսանյակ»-ն ավելի ճշգրիտ է արտացոլում «երկրագնդի տնտեսական շարժիչը»,- նշել է Պեսկովը։

Ռուսաստանը G8-ից հեռացվել է 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո՝ Բարաք Օբամայի կառավարման օրոք։ Դա շարունակվեց Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։ 2020 թվականին Թրամփն առաջարկեց վերականգնել այն, սակայն գաղափարը խմբի մյուս անդամների աջակցությունը չստացավ։