«Միացյալ Նահանգների հետ Ժնևում բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին: Շարունակվում են աշխատանքները խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և երաշխավորում Եվրոպայի շահերն ու անվտանգությունը»,- Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ զրույցից հետո X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ առաջարկներին, դեռ շատ անելիք կա»,- ըստ Reuters-ի՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը:

«Մենք շատ դրական ենք գնահատում, որ վերջապես կրկին առաջընթաց է նկատվում և ողջունում ենք այն փաստը, որ ամեն ինչ առաջ է շարժվում»,- հերթական մամուլի ասուլիսում ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Սեբաստիան Հիլլեն:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եվրոպական երկրների այլ առաջնորդների հետ ոչ պաշտոնական քննարկումներից հետո, ըստ Reuters-ի՝ նշել է, որ ԵՄ-ն պետք է համաձայնի ծրագրի այն կետերի հետ, որոնք դաշինքը քննարկում է:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկնել է այդ միտքը: «Մեզ համար կարևոր է, որ Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրն անհնար է, եթե մենք չհաստատենք այն հարցերը, որոնք վերաբերում են եվրոպական շահերին և եվրոպական ինքնիշխանությանը»,- լրագրողներին ասել է նա: Մերցն, ըստ Ֆրանսպրես գործակալության, նշել է նաև, որ չի սպասում, որ Ուկրաինան այս շաբաթ կստորագրի ծրագիրը։

«Չնայած դեռ շատ աշխատանք կա անելու, առաջ շարժվելու համար մենք ունենք ամուր հիմք »,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրել է Guardian-ը, ծրագրի որոշ կետեր անընդունելի է համարում։ «Չպետք է այնպես լինի, որ Եվրոպան վճարի Ռուսաստանի գործողությունների համար»,- ասել է նա։ Տուսկը հավելել է, որ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ամրապնդի, այլ ոչ թե թուլացնի Եվրոպայի անվտանգությունը։