Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։

«Մենք ծանոթ էինք մեկ տարբերակին, որը Ալյասկայում (Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների գագաթնաժողովի ժամանակ) ձեռք բերված փոխըմբռնումների հունով է ընթանում, և, հետևաբար, այդ ծրագրի շատ դրույթներ, չէի ասի բոլորը, բայց շատերը, մեզ համար լիովին ընդունելի են թվում։ Ինչ վերաբերում է մյուս առաջարկներին, դրանք շատ են՝ 28 կետ, և այդ դրույթները, իհարկե, կողմերի միջև ամենահանգամանալից ուսումանսիրում և քննարկում են պահանջում»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ հավելելով, որ հարցը Ռուսաստանի հետ դեռևս չի քննարկվել։

«Ինչ վերաբերում է շրջանառվող ծրագրերին, այսօր առավոտյան իմացանք եվրոպական ծրագրի մասին, որը, առաջին հայացքից, բացարձակապես ոչ կառուցողական է և մեզ չի համապատասխանում։ Սակայն պարոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո) Ռուբիոն հայտարարեց, որ ուկրաինացիների հետ Ժնևի բանակցությունները ամերիկյան կողմին լիովին բավարարել են, բայց նա ասաց նաև, որ կան 28 կետեր, կան 26 կետեր և շատ այլ բաներ»,- ասել է Ուշակովը։

«Ի լրումն, շատ տարբեր ենթադրություններ էլ կան. անհասկանալի է, թե ում հավատալ։ Բայց մենք հավատում ենք այն ամենին, ինչ տեսել ենք, ինչ մեզ փոխանցվել է համապատասխան խողովակներով»,- հավելել է նա։

Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան ստացել է ԱՄՆ-ի մշակած խաղաղության ծրագիրը և կարծում է, որ այն կարող է հիմք ծառայել ուկրաինական հակամարտության վերջնական կարգավորման համար։

Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները հայտնեցին, որ Ժնևի բանակցություններում աշխատում են Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի թարմացման և կատարելագործման ուղղությամբ։ Առանձին հայտարարության մեջ Սպիտակ տունը նշեց, որ նոր տարբերակը ներառում է անվտանգության ուժեղացված երաշխիքներ, իսկ ուկրաինական պատվիրակությունը նշեց, որ այն արտացոլում է իրենց ազգային շահերը։

Ըստ Ուշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել:

Ըստ նրա՝ ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։

«Մինչ այժմ մենք գիտենք, որ այդ առումով որոշակի ազդանշաններ են եղել, բայց Ռուսաստանի և Ամերիկայի ներկայացուցիչների միջև հանդիպման վերաբերյալ դեռևս վերջնական համաձայնության չենք հասել։ Որովհետև մենք դեռևս կոնկրետ առաջարկ չենք ստացել, թե ով և երբ է մտադիր գալ Մոսկվա», նշել է Ուշակովը։