ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը երկուշաբթի Աբու Դաբիում բանակցություններ է անցկացրել ռուսաստանցի պաշտոնյաների հետ, Reuters-ին է հայտնել ամերիկացի պաշտոնյան։

Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները փորձել են մոտեցնել դիրքորոշումները Ուկրաինայում պատերազմի դադարեցման ծրագրի շուրջ՝ համաձայնելով փոփոխել ԱՄՆ առաջարկը, որը Կիևն ու նրա եվրոպացի դաշնակիցները գնահատել էին որպես Կրեմլի ցանկությունների ցուցակ։

Ամերիկացի պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, հայտնել է, որ Դրիսկոլի բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի։ Մինչև այժմ պարզ չէ, թե ովքեր են ընդգրկված ռուսաստանյան պատվիրակության կազմում։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Դրիսկոլը Աբու Դաբիում գտնվելու ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհանդիպի նաև ուկրաինացի պաշտոնյաների հետ։

Վերջին ամիսներին ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինայի պատերազմի հարցում զգալի փոփոխությունների է ենթարկվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հապշտապ կազմակերպված գագաթնաժողովը Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսին առաջացրել էր մտահոգություններ, որ Վաշինգտոնը կարող է համաձայնել Ռուսաստանի բազմաթիվ պահանջներին, սակայն ի վերջո հանգեցրել էր ԱՄՆ-ի ճնշման ուժեղացմանը Ռուսաստանի վրա։

ԱՄՆ վերջին խաղաղ առաջարկը՝ 28 կետից բաղկացած ծրագիրը, անակնկալի էր բերել ԱՄՆ կառավարության, Կիևի և Եվրոպայի ներկայացոււցիչներից շատերին և առաջացրել նոր մտահոգություններ, որ Թրամփի վարչակազմը կարող է ցանկանալ դրդել Ուկրաինային ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը մեծապես կողմնորոշված է Մոսկվայի շահերին, գրում է գործակալությունը։