ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, սակայն կան հարցեր, որոնք պետք է բարելավվեն, որպեսզի այն ընդունելի լինի Ուկրաինայի և Եվրոպայի համար, երեքշաբթի RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Սա նախաձեռնություն է, որը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ դեպի խաղաղություն։ Սակայն այս ծրագրի որոշ կողմեր արժանի են քննարկման, համաձայնեցման և բարելավման», – ասել է Մակրոնը։ – «Մենք ուզում ենք խաղաղություն, բայց չենք ուզում խաղաղություն, որը կլինի կապիտուլյացիա»։
Նա հավելել է, որ միայն ուկրաինացիներն են կարող որոշել, թե ինչ տարածքային զիջումների են պատրաստ գնալ։
«Քննարկման ներկայացվածը մեզ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ դա պետք է ընդունեն ուկրաինացիներն ու եվրոպացիները։ Պատասխանն է՝ ոչ», – ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի կարծիքով, Ուկրաինայի առաջին պաշտպանական գիծը, եթե Ռուսաստանի հետ խաղաղություն կնքվի, լինելու է սեփական բանակի վերականգնումը, և դրա վրա սահմանափակումներ չեն կարող լինել։
Նա նաև նշել է, որ սառեցված ռուսաստանյան ակտիվները գտնվում են Եվրոպայում, և միայն Եվրոպան կարող է որոշել՝ ինչ անել դրանց հետ։
Հարցին, թե արդյոք պատրաստ է մեկնել Վաշինգտոն՝ ավելի շահավետ գործարքի շուրջ բանակցելու համար, Մակրոնը պատասխանել է, որ այս պահին նման ծրագրեր չունի։





























