Այս պահի դրությամբ, ուրեմն, ունենք հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքներ Ճամբարակ–Թթուջուր հատվածում, որտեղ նոյեմբերի 21-ին առավոտյան ժամը 11-ին էր ստացվել ՆԳՆ փրկարար ծառայությունը ահազանգ տարբեր օջախներում հրդեհի վերաբերյալ, երկու տեղամասում արդեն հրդեհը մահարված է, մյուս հատվածներում այս պահին ինտենսիվորեն հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այդտեղ աշխատանքները ղեկավարում է փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, 1500-ից ավելի փրկարար ծառայողներ են մասնակցում հրդեհաշիջմանը՝ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, նաև համայնքի բնակիչների աջակցությամբ։ Ներգրավված է նաև պաշտպանության նախարարության ուղղաթիռ։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ 59 չվերթ է իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավելով։
Այս պահին մենք ունենք նաև խոտածածկ, բուսածածկ, տարածքի հրդեհ Տավուշի մարզում, մի քանի հատվածներում կրկին մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, մեծաթիվ ուժեր են ներգրավված։
Այս պահին ունենք նաև Շիրակի մարզում մեկ հատվածում խոտածածկ տարածքի հրդեհ, որ կրկին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում»,–ասաց նա։
Անդրադառնալով հրդեհների պատճառներին, Նարեկ Սարգսյանն ասաց. «Պատճառներ այս պահին չեմ կարող նշել, եթե լինի քննություն հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, քննությունը կպարզի որ հատվածից, ինչ եղանակով է դա եղել։ Կցանկանայի նշել, որ վերջին երկու օրերին Հայաստանի տարբեր մարզերում են արձանագրվել խոտածածկ և բուսածածկ տարածքի հրդեհներ, Սյունիքի մարզում, Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզի տարբեր հատվածներում, Լոռու մարզի տարբեր հատվածներում, Արագածոտնի մարզում, որոնք մարված են այս պահին։
Պետք է մեր բնակիչներին հորդորենք, որ անհարկի այրումներ չկատարեն, հատկապես խոզանի այրումներ, դա ոչ միայն էկոհամակարգին է վնաս, հողի որակին է վնաս, այլ նաև հնարավոր է անդառնալի, մեծ հրդեհների պատճառ հանդիսանալ։ Հրդեհներին նպաստող հանգամանք է նաև չոր կլիման։ Մեր տարածաշրջանում, Կասպից սովի ափին, Իրանի հատվածում շատ մեծ հրդեհներ կան անտառային և այնտեղ նույնպես հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում»։
Հարցին՝ կա՞ վտանգ, որ հրդեհները կմոտենան բնակավայրերին, նա պատասխանեց. «Որոշակի հատվածներում Գեղարքունիքի մարզում նման վտանգ եղել է, ինչը չեզոքացվել է, փրկարարները կանխել են հրդեհի տարածումը թե՛ բնակավայրեր, թե որոշակի հատվածներում նաև անտառամերձ հատվածներ։ Այս պահին չեմ կարող նշել, թե երբ կավարտվեն հրդեհաշիջման աշխատանքները, ինտենսիվորեն շարունակվում են։











