Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի նախնական տարբերակը Լոնդոնի և Կիևի համար անընդունելի դրույթներ է պարունակում: Ըստ ТАСС-ի՝ նա այդ հայտարարությունն արել է Համայնքների պալատում ունեցած ելույթում:

Ըստ Սթարմերի՝ 28 կետից բաղկացած նախագծային փաստաթուղթը վիճահարույց կետեր էր պարունակում, բայց նաև ներառում էր կարևոր տարրեր, որոնք կարող էին հիմք ծառայել «արդար և կայուն խաղաղության» համար: Դրանց թվում նա ընդգծել է ԱՄՆ-ի և նրա գործընկերների կողմից անվտանգության երաշխիքներ ապահովելու միջոցառումները: Ժնևում անցկացված խորհրդակցություններից հետո վարչապետը նշել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև դիրքորոշման համաձայնեցման և կարգավորման հայեցակարգի թարմացման գործում առաջընթաց է գրանցվել:

Սթարմերն ընդգծել է, որ ծրագիրը ճշգրտելու աշխատանքները շարունակվում են: Նա հիշեցրել է նաև, որ Լոնդոնը պնդում է հետևյալ հիմնարար պայմանների վրա՝ Ուկրաինայի ինքնիշխանության պահպանում, նրա ապագա անվտանգության երաշխիքներ և այն փաստը, որ երկրի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունի ինքը՝ Ուկրաինան:

Ըստ կառավարության ղեկավարի՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին առնչվող նախաձեռնության որոշ տարրեր պահանջում են կոլեկտիվ համաձայնագիր: «Դեռ շատ աշխատանք կա անելու։ Ճանապարհը հեշտ չի լինելու, բայց Ուկրաինային աջակցելու մեր հանձնառությունը մնում է անսասան»,- նշել է Սթարմերը։

Նա հավելել է նաև, որ նոյեմբերի 25-ին այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» առաջնորդները տեսակոնֆերանս կանցկացնեն՝ Կիևին աջակցելու հետագա միջոցառումները քննարկելու համար։