Նախօրեին հայտնի է դարձել, որ հունվարի 26-27-ը Բուդապեշտում կայացած ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության Կազմակերպության ոչ պաշտոնական խորհրդակցության ընթացքում, ընդմիջման ժամանակ ցուցադրվել է ընթացիկ տարվա տարածաշրջանային համաժողովի հյուրընկալ երկրի՝ Ադրբեջանի մասին տեսանյութ։ Ի նշան բողոքի տեսանյութում տեղ գտած հակահայկական տեղեկատվության՝ Հայաստանի պատվիրակությունը լքել է խորհրդակցությունների դահլիճը։

Միջոցառման կազմակերպիչները, ի դեմս Պարենի եւ Գյուղատնտեսության Կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Ֆերնանդա Գուերրիերիի, տեսանյութը որակել են ոչ պատշաճ եւ հավաստիացրել են մասնակիցներին, որ, նախօրոք դիտելու դեպքում թույլ չէին տա դրա ցուցադրությունը։ Գուերրիերին պահանջել է Ադրբեջանի պատվիրակից պարզաբանումներ տալ, ինչին ի պատասխան վերջինս հավաստիացրել է, թե ինքը եւս ծանոթ չի եղել տեսանյութի բովանդակությանը։

Գլխավոր տնօրենի օգնականը անձամբ եւ կազմակերպության անունից ներողություն է խնդրել Երեւանի հետ խորհրդակցելուց հետո դահլիճ վերադարձած Հայաստանի պատվիրակությունից, եւ վստահեցրել, որ կազմակերպության հանդիպումների ընթացքում այլեւս նման միջադեպեր չեն կրկնվի։

Նա միաժամանակ շնորհակալություն եւ անկեղծ հիացմունք է հայտնել հայկական պատվիրակության եւ հայկական իշխանությունների կառուցողական մոտեցման առիթով։