Ամերիկյան ավազակախմբի ղեկավարը, որը փող է կուտակել կրեդիտային քարտերի կեղծմամբ, իր ենթականերին ընդունել է սեքս-օրգիայի պարտադիր արարողակարգ անցնելուց հետո:
Դեռեւս 2010 թվականին խմբավորման ղեկավար Վիկաս Յադավին աքսորել էին Հնդկաստան, սակայն աղմկահարույց հանցավոր նախասիրությունները հայտնի են դարձել միայն այժմ` հետաքննության եւ նրա ընկերների դատավարության գործերի ընթացքում, գրում է The Daily Mail թերթը:
Վիկաս Յադավը համախոհներ է փնտրել համացանցի սադոմազոխիստական կայքերի այցելուների շրջանում: Հավաստիության համար Վիկասը զրուցակիցներին առաջարկել է խմբակային սեքսով զբաղվել իրականում եւ միայն դրանից հետո է նրանց տեղեկացրել իր հանցավոր մտքերը:
Ըստ հանցագործի հաշվարկների` նման կայքեր այցելում է այնպիսի առանձնահատուկ հասարակություն, որ այնտեղ օրենքի պահապաններ դժվար թե լինեն: Սակայն հնարամիտ հանցագործի պատկերացումն այնքան էլ զարգացած չէր: Խմբավորման անդամների շարքում եղել է նաեւ Նյու Յորքի ոստիկանության նախկին աշխատակից Դուայաթ Ռիդդիկը: 2012 թվականի հունվարին կայացվել է նրա դատավճիռը: Նա իրեն մեղավոր է ճանաչել կեղծ կրեդիտային քարտերի տեղափոխման համար եւ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Նորեկների եւ նրանց հանցախմբի ղեկավարի բոլոր սեռական օրգիաները նկարահանվել են տեսախցիկով: Դրանք լրացուցիչ երաշխիք են այն բանի, որ նրանցից ոչ ոք չի մատնի:
Ըստ հետաքննության տվյալների` Վիկաս Յադավը մասնագիտացել է պլաստիկ քարտերի տերերի անձնական գործերի եւ գաղտնահամարների գողացմամբ այն բանից հետո, երբ նրան վռնդել էին բժշկական միավորումից գրագողության համար:
Հետագայում հանցագործները պատրաստել են կեղծ քարտեր, որոնց օգնությամբ էլ ուրիշների հաշիվներից գումար էին հանում, կամ էլ ուրիշների հաշվին ապրանքներ էին գնում:
Հանցավոր բիզնեսը շատ շահութաբեր էր: Հարեւանները Վիկաս Յադավին խոշոր գործարար էին համարում, քանի որ նրա ավտոտնակում Hummer, Mercedes Benz եւ BMW մակնիշի մեքենաներ են կանգնած եղել: Սակայն 2008 թվականին հանցագործին, այնուամենայնիվ, ձերբակալել էին, երբ նա Միսիսիպի նահանգի Նյու Օլբանի Walmart սուպերմարկետում գնումներ էր կատարում: Այդ ժամանակ Վիկասը կասկած է հարուցել մեկ այլ գնորդի մոտ, եւ վերջինս զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանները խուզարկել են Յադավի մեքենան եւ այնտեղ գտել կեղծ քարտեր, գրում է NEWSru.com-ը:




























