ԱՄՆ-ի կողմից աջակցվող 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը նպատակ ունի վերջ դնել Ուկրաինայում պատերազմին և որը հրապարակվել է անցյալ շաբաթ, հիմնված է հոկտեմբերին Թրամփի վարչակազմին ներկայացված ռուսաստանյան գրավոր փաստաթղթի վրա։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են երեք աղբյուրներ։
Աղբյուրների համաձայն, ռուսները հոկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կիսվել են մի փաստաթղթով, որում ուրվագծվել են Մոսկվայի կողմից պատերազմը դադարեցնելու պայմանները։
Փաստաթուղթը պարունակում էր դրույթներ, որոնք Ռուսաստանի կառավարությունը նախկինում առաջ էր քաշել բանակցությունների սեղանի շուրջ, ներառյալ նաև այն զիջումները, որոնցից Ուկրաինան հրաժարվել էր, օրինակ՝ Արևելքում իր տարածքի զգալի մասի զիջումը:





























