Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների այցը Բաքու խայտառակություն էր, դա երկու ժողովուրդների միջև վստահություն ձևավորելու մասին չէր, դա արժանապատվության, կորստի և հայկական շահերի սպասարկումից առհասարակ հրաժարվելու դրսևորում էր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ադրբեջանը պետք է իմանա և Ալիևի վարչակազմը, որ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ ժողովրդի հետ որևէ կապ և առնչություն չունեն։ Իրենք հանդիպել են իրենց ազդեցության գործակալների հետ։ Հետևաբար նրանք չեն կարող ներկայացնել հայկական կողմը և հայ ժողովրդին։

Այն պատվիրակությունը, որ գնացել է Ադրբեջան ու վերադարձել է, Ադրբեջանի շահերը առաջ է տանում Հայաստանում, դրանք հայ ժողովրդի, հայկական պետականության, մեր ինքնության հետ որևէ առնչություն չունեն։ Դրանք ազդեցության գործակալներ են, որ սպասարկում են այդ պետությունների շահերը։ Այստեղ միակ լավ բանը այն է, որ արդեն սկսել են բացահայտ այդ ամեն ինչը անել։

Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին, սա հայ ժողովրդի ամոթն է, խայտառակությունն է, իրենք Բաքվում են նաև այս իշխանության գործունեության արդյունքում։ Հայաստանի այսօրվա վարչախումբը անմիջական մեղսակցություն ունի Արցախի հայաթափման, էթնիկ զտման, ցեղասպանության և Բաքվում գտնվող ռազմագերների հարցում։ Իրենք այդ հարցով չեն զբաղվել ու շարունակում են չզբաղվել»,– հայտարարեց նա։

Սաղաթելյանը նկատեց, որ ադրբեջանական, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք եկել էին Երևան, նրանք այն մարդիկ էին, որոնք բլոկադայի մեջ էին պահում Արցախի մեր հայրենակիցներին ինը ամիս. «Այս ամեն ինչի նպատակը հետևյալն է, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը իր քայլերով և գործողություններով անում է մեկ բան, լվանալ Ալիևի արյունոտ ձեռքերը և լեգիտիմացնել այն էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, որ տեղ է ունեցել Արցախում։ Դա կապ չունի ոչ խաղաղության, ոչ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելու, ոչ էլ մնացած հարցերի հետ։

Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, իսկ ռազմագերիները Բաքվի Տեսեք իրենց սրիկայության աստիճանը, ասում են՝ Հաջիևը մեզ փոխանցել է, որ գնացեք հայ ժողովրդին փոխանցեք, որ պատերազմ չի լինելու, տարածքային պահանջներ չկան։ Մի հատ դուրս բերեք Հայաստանի տարածքից ձեր զորքերը, ինչի չեք դուրս բերում»։