Այսօր չորրորդ օրն է, որ հրդեհի ծուխը նկատել ենք. սկզբում վառվում էր Դիլիջան ազգային պարկը, հետո օգնության գնացինք, դաշտերն էին վառվում, դրանք լրիվ մարեցինք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Մնացականյանը։

«Փրկարարներից բացի, մեզ հետ նաև կային էկոպարեկայինի ծառայողները, ազգային պարկի ծառայողները, համայնքից էլ ներգրավված էին, նաև տարբեր մարզերից կային հրշեջներ։ Շատ շնորհակալ ենք փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանին, որ կարողացավ կազմակերպել և բոլոր հրդեհները մարեցինք։ Սեմյոնովկայի վարչական տարածքի մեջ է մտնում նաև 60 հա անտառ, որից 10-15 հա–ն այրվել է։ Էն կողմից հրդեհը, որ մարեցինք, երեկ առավոտվանից արդեն հրդեհը էս տարածքով անցավ։ Այսօր ցերեկվա դրությամբ արդեն բոլոր տարածքները մարեցինք։

Սրանից հետո մի 2-3 օր հսկողություն կդնենք, գիշերային հերթապահություն կանենք, կպտտվենք, որ որտեղ օջախներ տեսնենք, արագ տեմպով մարենք»,–ասաց նա։

Դավիթ Մնացականյանի խոսքով, հրեհի ժամանակ ամբողջ գյուղը ծուխ էր պատել. «Չենք կարող ասել պատճառը, որովհետեւ հրդեհը Ֆիոլետովոյի կողմից է եկել։ Թող մասնագետները զբաղվեն, հասկանան՝ ինչից է առաջացել։

Որտեղ որ հրդեհ է եղել, դա կենդանական ու բուսական աշխարհին վնասել է։ Երեկ մարելուց հետո որ նայում էիր, լացդ գալիս էր։ Թռչունները թռչում էին, նայում էին այնտեղ, որտեղ բներ ունեն, որտեղ ձվադրել են, լացդ գալիս էր։ Այդ տարածքները մաքրվեց, կենդանական աշխարհը նույն ձևի մաքրվեց։ Նաև գյուղի արոտավայրերն են, որ մարդիկ անասուններին էին արածացնում, պատկերացրեք, թե ինչքան արդեն վնաս եղավ ժողովրդի համար»,–ասաց նա։