Իրանի շուրջ իրավիճակը շատ պարզ է. նրան կհարվածեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ  զրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին` հավելելով, որ դա տեսանելի է անզեն աչքով:

«Այժմ  ռազմական զորահավաք է ընթանում, ռազմական գործողությունների նախապատրաստում: Սիրիայում զուգահեռ զարգացող իրադարձությունները մեկ հիմնական նպատակ ունեն` թուլացնել արաբական աշխարհում Իրանի հիմնական դաշնակցին», - նշել է փորձագետը` հավելելով, որ հենց Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ժամկետների մասին խոսելն այսօր անիմաստ է: «Ոչ ոք չի կարող ժամկետ նշել, իսկ ով որ դա անում է, խաբեբա է», -նշել է նա:

Ինչ վերաբերում  է ԻԻՀ-ին հավանական  հարված հասցնելու հիմնական մասնակիցներին, Սատանովսկին նշել է, որ դա եւս դժվար կանխատեսելի է: «Հաճախ խոսվում է Իսրայելի մասին, բայց այսօր այդ պետությւնը պատրաստ չէ գրոհել Իրանը եւ ակտիվ կերպով ուժեղացնում է պաշտպանությունը: Վերջիվերջո, Իրանն Իսրայելի միակ հակառակորդը չէ: Ինչեւէ, նրանց միջեւ պատերազմը վաղուց է ընթանում: Օրինակ կիբերտարածական պատերազմը, թեեւ մարտական գործողություններ չկան, բայց պատերազմ է», - նշել է զրուցակիցը:

Խոսելով ԱՄՆ կողմից Իրանին հարված հասցնելու հնարավորությունների եւ ցանկությունների մասին` Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրենը նշել է, որ այստեղ ամեն ինչ կախված է Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավից եւ ոչ մի այլ բանից: «ԱՄՆ-ն ի վիճակի է ոչնչացնել Իրանի ողջ ռազմաարդյունաբերական համալիրը, ամբողջ ենթակառուցվածքները` ճանապարհները, նավահանգիստները, գործարանները, ընդհանրապես` այդ երկիրը հասցնել նախաարդյունաբերական դարաշրջան: Տեխնիկապես դա ոչ մի բարդություն չունի», - նշել է Սատանովսկին` կրկին ընդգծելով, որ այստեղ ամեն ինչ  կախված է Սպիտակ տան որոշումից:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական Իրանի գրավումը, Սատանովսկին նշեց, որ տեխնիկապես այդտեղ խնդիր չկա, բայց մեկ նրբություն կա. «Դա անելու համար շուրջ 2 մլն մարդուց բաղկացած բանակ է հարկավոր: Նման բանակ կարող է տրամադրել միայն Չինաստանը, որը, բնականաբար, դա չի անի: Նման պայմաններում պարզ է դառնում, որ Իրանը չեն գրավի: Բայց միջնադար վերադարձնել միանգամայն ընդունակ են, խնդիր չկա», - նշել է նա: