Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի տարածքում գտնվող Ջարդի ձորում փետրվարի 1-ի երեկոյան կզակի տակից ինքն իրեն կրակելու միջոցով ինքնասպան է եղել Շիրակ գյուղում բնակվող 26-ամյա Վլադիմիր Կարապետյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ջաջուռ Գյուղի գյուղապետ Սոկրատ Սուվարյանը:
Նրա փոխանցմամբ, խոսակցությունների մակարդակով ասվում է, որ երիտասարդը ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որտեղ ասվում է, թե «իր ճշտի համար» է ինքնասպան լինում: «Այդքան բան է մեզ հայտնի, այն էլ խոսակցությունների մակարդակով»,- ավելացրեց Սոկրատ Սուվարյանը: Իսկ մարզի Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանն էլ նշեց, որ Վլադիմիրը շատ լավ անձնավորություն է եղել, իր ուժերով Գյումրիի պոլիտեխնիկական համալսարանն է ավարտել: «Մեծերի հետ մեծավարի էր, փոքրերի հետ` փոքրի պես: Շատ լավ հարաբերությունների մեջ էր բոլորի հետ, թե ինչ է եղել, ոչ ընտանիքի անդամները գիտեն, ոչ` գյուղի բնակիչները»:
Ըստ գյուղապետի, նա ամուսնացած չի եղել, աշխատել է 3 տեղ` ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում, գյուղի էլեկտրիկն է եղել, ինչպես նաեւ աշխատել է Շաքարի արտադրամասում, որպես էլեկտրիկ:
Շիրակի գյուղապետն ասաց, որ ինքը նամակի մասին տեղյակ չէ: «Ես երեկ ամբողջ օրը իրենց տանն եմ եղել, բայց նման բան չեմ լսել»,-ասաց նա, սակայն նշեց, որ ինքնասպանությունից առաջ Վլադիմիրն ալկոհոլ է օգտագործել:
«Երեւի որ համարձակվի իր վրա կրակել: Նա ընդհանրապես խմող չէր: Այդ խմիչքի վրայից ընդամենը 100 գրամ բան է պակաս եղել: Վլադիմիրը թշնամիներ, հակառակորդներ չուներ, բոլորի համար զարմանալի է կատարվածը»,-ընդգծել է նա:
Իսկ ահա Գյումրիի ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանը նշել է, որ «Երիտասարդ տղան ինքնասպանություն է գործել քանի որ ունեցել է անձնական խնդիրներ ու մեծ չափի պարտքեր»:
Ոստիկանության Ախուրյանի բաժնից NEWS.am-ին փոխանցեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քր. Օր-ի 110 եւ 235 հոդվածներով, այն է` ինքնասպանություն գործելը եւ ապօրինի զենք պահելը: Կատարվում է նախաքննություն:
Սույն գործով քննիչ Մամիկոն Մկոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը գրությունից տեղեկություն չունի: «Ներկա պահին հարցաքննվում են մարդիկ, պարզելու համար, թե ինչ է կատարվել: Մինչեւ քննությունը չավարտեմ ոչինչ չեմ կարող ասել»,- ավելացրեց Մամիկոն Մկոյանը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























