Եգիպտոսի ժամանակավոր կառավարության ղեկավար Քամալ ալ-Գանզուրին ցրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան` կապված փետրվարի 1-ին Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների հետ:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Associated Press-ը, ավելի վաղ Եգիպտոսի բարձրագույն զինվորական խորհուրդը աշխատանքից ազատել էր այն շրջանի ղեկավարին ու անվտանգության վարչության պետին, որտեղ տեղի էր ունեցել արյունալի միջադեպը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի երեկոյան Պորտ-Սայիդում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ «Ալ-Ահլի» եւ «Ալ-Մասրի» թիմերի միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով զոհվել է 74 մարդ եւ տուժել` 300 մարդ:

Եգիպտոսի ոստիկանությունը Պորտ-Սայիդում ձերբակալել է 47 հոգու, նրանց կասկածում են անկարգությունների հրահրման մեջ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: