ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ Վաշինգտոնը կհամաձայնի Ուկրաինային տրամադրել անվտանգության ցանկացած երաշխիք միայն Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի կնքումից հետո, հաղորդում է Politico-ն։

Պարբերականի տվյալներով՝ այս պայմանը եղել է ԱՄՆ-ի կողմից Կիևին անցյալ շաբաթ ներկայացված առաջարկներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ տեղեկությունների, հայտարարել է, որ «չի հրավիրի ուկրաինացի առաջնորդներին Սպիտակ տուն» մինչև համաձայնագրի ստորագրումը, հաղորդում է DW-ն։

«Որոշ եվրոպական երկրներ վախենում են, որ Թրամփի վարչակազմը կշեռքի նժարը կթեքի Ռուսաստանի օգտին։ Մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի, միջազգային իրավունքի կամ սկզբունքների մասին ոչ մի խոսք։ Սա ստեղծում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն, որը լի է անցքերով», - լրագրողները մեջբերում են եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքերը։