«Եթե Մայր Աթոռում նման բան լիներ, Մայր Աթոռն այդ մասին կիրազեկեր։ Եթե հայտարարությամբ հանդես չի եկել, ուրեմն որևէ մեկնաբանություն այստեղ անիմաստ է և ժամավաճառություն է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված եպիսկոպոսների դիմումին, որոնք կաթողիկոսից պահանջում են Արշակ Սրբազանին հեռացնել Մայր Աթոռից ու սառեցնել նրա լիազորությունները։

«Եկեղեցին միշք անսասան է, զորեղ է և կարողանում է հաղթահարել որևէ դժվարություն։ Մամուլում այսօր անհիմն մի փաստաթուղթ շրջանառվեց, այս պահին մենք որևէ բան ասել չենք կարող։ Պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել, պետք է սպասել, եթե Մայր Աթոռն ասելիք ունենա, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց նա։

Ասողիկ աբեղա Կարապետյանը նշեց, որ չգիտի՝ նման քննարկում իրականում եղել է թե ոչ, և փաստաթուղթն իրական է, թե ոչ։

«Մենք էլ ձեզ նման մամուլից ենք իմացել և չգիտենք` վավերական է, թե չէ։ Որևէ այլ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ, միայն կարող եմ ասել` հայ եկեղեցին միայն ամուր է, հայ եկեղեցին միշտ միասնական է, իսկ եթե մեկն իրեն այդ միասնությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է, և այդ 1–2-3–ով եկեղեցին չի կազմալուծվում, որովհետև եկեղեցին աստվածային հաստատություն է»,–նշեց Հայր Ասողիկը։