Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ ուրբաթ Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկի նավթի եւ գազի մատակարարումները Հունգարիա, ինչպես նաեւ խաղաղության ջանքերն Ուկրաինայում, տեղեկացրել է Reuters-ը։
Օրբանը սերտ կապեր է պահպանում Մոսկվայի հետ՝ չնայած հարեւան Ուկրաինայում պատերազմին։ Հունգարիան շարունակում է կախված լինել ռուսական էներգիայից՝ չնայած կախվածությունը նվազեցնելու Եվրամիության ջանքերին։
Օրբանը Պուտինի հետ հանդիպելու իր ծրագրի մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում տեսազրույցի ժամանակ՝ ավելացնելով. «Ես գնում եմ (Մոսկվա)՝ ապահովելու Հունգարիայի հուսալի էներգամատակարարումը ձմռան եւ հաջորդ տարվա համար»։
Հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության ջանքերը նույնպես կլինեն օրակարգում, Օրբանը պատասխանել է. «Մենք դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին Մոսկվայում կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ՏԱՍՍ-ին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս ամիս Միացյալ Նահանգները Հունգարիային ազատել է ռուսական նավթի եւ գազի օգտագործման պատժամիջոցներից, այն բանից հետո, երբ Օրբանը Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի հետ բարեկամական հանդիպման ժամանակ պնդել է հետաձգման հարցում։ Հունգարիան նաեւ միջուկային էներգիայի համագործակցության պայմանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։
Գործարքը նախատեսում է, որ Հունգարիան կգնի ամերիկյան միջուկային վառելիք եւ օգտագործված վառելիքի պահեստավորման տեխնոլոգիաներ Ռուսաստանում կառուցված ատոմակայանում։ «Ռոսատոմը» ընդլայնում է ատոմակայանը, որը 2014թ․ նախագիծ է, որի իրականացումը զգալիորեն հետաձգվել է։
Օրբանը նախկինում հայտարարել էր Բուդապեշտում Թրամփի եւ Պուտինի միջեւ Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթաժողովի» ծրագրերը վերակենդանացնելու իր ցանկության մասին, որոնք այս տարի հետաձգվել էին։ ՆԱՏՕ եւ ԵՄ առաջնորդների մեծամասնությունից տարբերվող Օրբանը պահպանել է ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ միաժամանակ կասկածի տակ դնելով Կիեւին Արեւմուտքի ռազմական օգնության տրամաբանությունը։
Հունգարիան այս տարի Ռուսաստանից ներմուծել է 8,5 միլիոն տոննա հում նավթ եւ ավելի քան 7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։





























