Մենք պատրաստվում ենք կիրակի օրը գնալ պատարագի, շարունակելու ենք կիրակի օրերը գնալ պատարագի, իհարկե մենք միանշանակ դրական ենք գնահատում նաև մեր եպիսկոպոսների արձագանքը, որովհետև հանրության մոտ անազնվության և սրբապղծության այդ նստվածքը չի կարող վերանալ մինչև, որ հստակ դրան արձագանք ու պատասխան չլինի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եկեղեցու հիմքերը խարխլող նման արատավոր երևույթներն են, որ վնասում են եկեղեցուն»,– հավելեց նա։
Դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականների մեջ կային այնպիսիք, որոնց հետ կապված ևս քիչ չեն տեղեկությունները մամուլում բիզնես գործունեություն ծավալելու, կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ, ստացվում է, որ Փաշինյանը մի մեղք գործածով մյուսին է փորձում հեռացնել եկեղեցուց, նախարարն ասաց. «Հանրային ճնշումները բոլորի նկատմամբ միատեսակ պետք է լինեն, պահանջները միատեսակ պետք է լինեն։ Եթե դուք ունեք նման փաստեր, դուք էլ բարձրաձայնեք։
Այստեղ որևէ տարբերակ չի կարող լինել, եթե մարդը խախտում է եկեղեցու կանոնները, ուրեմն պիտի դրան արձագանք լինի, անկախ նրանից՝ ով է նա»։
Ինչ վերաբերում է Էջմիածնում վարչապետի խոստացած հոգևոր հավաք անցկացնելու ժամկետներին, Ավանեսյանն ասաց, որ վարչապետը որեւէ ժամկետ չի նշել. «Սա կարծում եմ՝ շատ առողջացնող պրոցես է։ մարդու հոգևոր կարիքները և հոգևոր նորոգումը շատ կարևոր պրոցես է, և պատարագին մասնակցելը կարծում եմ՝ մեր վրա բոլորիս վրա շատ դրական է եղել։
Հոգևոր նորոգումը չի կարող բերել եկեղեցու պառակտման։ Այսինքն անազնվությունն ու սրբապղծությունը բերում է եկեղեցու միասնությա՞ն։ Որևէ հանրության մեջ կանոնների խախտումը բերում է միասնության, իսկ հարցերի բարձրացումը բերում է պառակտությա՞ն։ Խնդիրները չվերհանելն է բերում անկման, երբ որ մենք չենք անդրադառնում իրականությանը։ Որևէ պառակման չկա, հայ հասարակությունը միասնական է և հանրային արձագանքը դա հստակ ցույց է տալիս, որ մեր եկեղեցին նորոգման կարիք ունի»։











