Նիկոլ Փաշինյանին դարձի բերելու բոլոր հնարավոր ճանապարհները սպառվել են. դարձի գալու համար մարդը պիտի զղջա, խոստովանի և հատուցի իր արարքների համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Ինքը եթե նույնիսկ զղջա, խոստովանի էլ, կարծում եմ՝ չի կարող հատուցել, որովհետև ինքը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքն է հանձնել Ադրբեջանին, ինչպե՞ս պիտի հատուցի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպե՞ս պիտի հատուցի հաշմանդամ դարձած մարդկանց։ Ես կարծում եմ ինքը դժվարություն կունենա հատուցելու և դժվարություն կունենա դատաստանի ժամանակ պատասխան տալու, դրա համար էլ ինքը գնում է այն քայլին, որպեսզի իր ականջներին հաճո իր շուրջը համախմբի հոգևորականների»,–ասաց նա։

Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանին հանդիպած 8 եպիսկոպոսներին, Բաղալյանն ասաց. «Ինքը ութ տարվա մեջ ութ հոգի է հավաքել իր շուրջ, 54-ից։ Վեհափառի շուրջ մնացել են արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների մեծագույն մասը։ Ավելին ասեմ, եթե եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների մեծագույն մասը անգամ միանար Նիկոլ Փաշինյանին, դա որևէ հիմք չէ Վեհափառ Հայրապետի հրաժարականի համար։ Վեհափառ Հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից»։

Հիշեցմանը, որ կաթողիկոսին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, նա ասաց. «Նույնիսկ եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, եկեղեցական կանոն չկա։ Կանոնագիրք հայոցում կանոն կա, թե քահանայի շնության դեպքում ինչ պիտի արվի, եպիսկոպոսի կա, սարկավագի կա, աշխարհիկի կա, բայց Վեհափառ Հայրապետի դեպքում նման կանոն նույնիսկ գոյություն չունի։ Բայց դեպքն էլ չկա։

50 տարի առաջ, ենթադրյալ կատարած հանցանքն այսօր հիշել են։ Այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել, երբ որ իր կնոջ հետ ինքը ոչ զագսով, ոչ եկեղեցով ամուսնացած չէ։

Եթե ես, օրինակի համար, գողություն անեմ, շնություն անեմ, սպանություն անեմ, ինձ պետությունը կարող է պատժել միայն գողության և սպանության համար։ Ինձ Մայր աթոռը կարող է որպես քահանայի նաև շնության համար պատժել, բայց պետությունը նման լծակ չունի, որ ինքը մտնում է ուրիշների ընտանիքները, ուրիշների անձնական կյանքը, այդ թվում հոգևորականների։