Ես ասում եմ՝ կաթողիկոսը զավակ չունի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28–ին, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Մայր Աթոռը չի հայտարարում, որ Վեհափառ Հայրապետը զավակ չունի։

«Ոնց որ ինձ ասեն դու այլմոլորակային ես, ես էլ ասեմ՝ չէ, ես այլմոլորակային չեմ։ Նման հերյուրանքների մակարդակով հարցեր բարձրացնելը և դրան պատասխանելը... ամեն ինչ ասում են»,–ասաց նա։

Հարցին՝ կարծում եք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պետք է կարգալո՞ւյծ անել, տեր Վրթանեսը պատասխանեց. «Եթե ինքը առանց Վեհափառի գիտության է հանդիպել և եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի, իհարկե կարծում եմ։ Եվ ոչ միայն Կճոյանին, այլ ցանկացած մեկին, եթե եկեղեցու պաշտոնական դիրքորոշումից այլ դիրքորոշում ունի, եկեղեցում ինքը չի կարող լինել։

Եպիսկոպոսների առաջ դրված կոմպրոմատների մասին մի անհանգստացեք, դուք այդ բոլորը կտեսնեք, կլսեք։ Նույնիսկ եթե պարզ ժողովուրդը դրանք չդնի իրենց առջև, ես վստահաբար ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ հետո, նաև այս հակաեկեղեցական արշավը ձախողելուց հետո, ինքը կհրապարակի այդ բոլոր կոմպրոմատները, որ ունի իրենց դեմ։ Ինքը խաբում է, կոմպրոմատները օգտագործում է, վերջում էլ հրապարակում է, որովհետև ինքը ձեր նման կայացած լրագրող չի, այլ թերուստ լրագրող է նախկին»,– ասաց տեր Վրթանեսը։