Էր-Ռիադի մետրոն ճանաչվել է աշխարհի ամենաերկար անմեքենավար գնացքների ցանց՝ գերազանցելով Գինեսի աշխարհի ռեկորդը, հայտնում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA):

«Այս նվաճումն արտացոլում է Թագավորության արագ առաջընթացը ժամանակակից և կայուն տրանսպորտային համակարգերի զարգացման գործում»,- գրել է սաուդյան լրատվամիջոցը:

Էր-Ռիադի մետրոն պաշտոնապես բացվել է 2024 թվականի դեկտեմբերին: Մետրոյի ցանցը բաղկացած է վեց գծից, 85 կայարանից և ունի 176 կիլոմետր ընդհանուր երկարություն, որը, ինչպես կանխատեսվում է, կնվազեցնի քաղաքում երթևեկության գերբեռնվածությունը: Մետրոն գործում է ամբողջովին առանց մեքենավարի բոլոր գծերում, որին վերահսկում են սարքավորումներով հագեցած ժամանակակից դիսպետչերական կետերը:

«Այս նվաճումն ընդգծում է Էր-Ռիադի թագավորական հանձնաժողովի՝ խելացի և կայուն քաղաքային տրանսպորտային հայեցակարգեր իրականացնելու ջանքերը, ինչպես նաև նրա նվիրվածությունը նորարարությանը և զարգացմանը՝ ստեղծելով ժամանակակից ենթակառուցվածքներ, որոնք կբարելավեն մայրաքաղաքի կյանքի որակը և կաջակցեն Saudi Vision 2030-ի նպատակներին»,- նշված է հայտարարության մեջ:

Հայեցակարգը նպատակ ունի մինչև 2030 թվականն ամրապնդելու տնտեսության ոչ նավթային ոլորտները: