Վրաստանում նիդեռլանդցի ֆերմերի մոտ աշխատող հովիվներն առանց թույլտվության վաճառել են նրա կովերը և գրպանել ստացված գումարը, հաղորդում է « Новости-Грузия»-ն՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։
«Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային դատախազության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները, որոնք խնամում էին Նիդեռլանդների քաղաքացու պատկանող անասուններին, անօրինական կերպով վաճառել են 298 հազար 170 լարի արժողությամբ 194 գլուխ անասուն և յուրացրել ստացված գումարը», - ասված է դատախազության հայտարարության մեջ։
Երկու անձանց էլ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և 3-րդ մասի «բ» կետերով՝ «մեծ մասշտաբով կատարված յուրացում կամ անօրինական յուրացում»։ Այս հանցագործությունը պատժվում է 7-11 տարի ազատազրկմամբ։
Դատախազությունը դատարանին կդիմի մեղադրյալների նկատմամբ նախնական կալանք նշանակելու միջնորդությամբ։




























