Նովոսիբիրսկում Ֆադեեւի փողոցի բազմահարկ շենքի բնակարանում պայթյուն է տեղի ունեցել։ Տանը մենակ մնացած շունը միացրել է գազօջախը, որի վրա դրված էր դիխլոֆոսի բալոնը։ Տաքանալուց աերոզոլային բալոնը ապահերմետիկացվել է եւ պայթել, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ին։

Գերատեսչությունում նշել են, որ շունը ատամների հետքեր է թողել գազօջախի կոճակների վրա, ինչը վկայում է այն մասին, որ նա կապ ունի պայթյունի հետ։ Քանի որ կրակն ինքն իրեն հանգել է, ավելացրել են ՌԴ ԱԻՆ-ում, վնասը շատ ավելի փոքր է եղել, քան կարող էր լինել։ Այրման մակերեսը կազմել է 0,1 քառակուսի մետր։

Հարվածային ալիքից բնակարանում կոտրվել են մուտքի դուռը, ապակիները միջսենյակային եւ պատշգամբի դռներին, վնասվել է խոհանոցի սալիկաշարը։ Աննշան այրվել են պաստառները եւ խոհանոցային սպասքը։ Կենդանին չի տուժել։ Շանը գտել են պատշգամբում, որտեղ նա թաքնվել էր պայթյունից հետո։