Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը մտադիր է արտահանման նավթը շտապ վերուղղորդել այլընտրանքային երթուղիներ։ Որոշումն ընդունվել է  Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ծովային տերմինալի դեմ Ուկրաինայի ԶՈւ գրոհի պատճառով Նովոռոսիյսկի մոտ, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Իրավիճակը Ղազախստանի Հանրապետության կառավարության հատուկ վերահսկողության տակ է»,- նշվել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրությունում։ Մամուլի ծառայությունում անթույլատրելի են անվանել «զուտ քաղաքացիական» էներգաօբյեկտներին հասցված հարվածները տարածաշրջանում։

Նախարարությունում հիշեցրել են, որ ԿԽԿ-ն միջազգային նախագիծ է, որի դեմ գրոհները ուղիղ սպառնալիք են ստեղծում գլոբալ էներգետիկ անվտանգության համար։ Նման թշնամական գործողությունները, նշել են ղազախստանյան գերատեսչությունում, խախտում են կոնսորցիումի անդամների, ներառյալ հանրապետության շահերը։

Նոյեմբերի 29-ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ անանձնակազմ նավակները հարվածել են ԿԽԿ ծովային տերմինալին Նովոռոսիյսկի մոտ։ Վնասվել է նավամատույցներից մեկը, այն չի հաջողվում վերականգնել, հայտնել են կոնսորցիումում։ Գրոհի ժամանակ տուժածներ չեն եղել։ Նավթը չի լցվել Սեւ ծով, հավաստիացրել են ԿԽԿ-ում։

Անցած անգամ ԿԽԿ օբյեկտները Նովոռոսիյսկի մոտ ենթարկվել էին Ուկրաինայի ԶՈւ հարվածին նոյեմբերի 25-ին։ Այդ ժամանակ նավթի բեռնումը տերմինալում ժամանակավորապես կանգնեցրել էին։ Հաջորդ օրը գործընթացը վերականգնվել էր։