Նորաստեղծ «Հայկական ճանապարհ» կուսակցության կարևորագույն ռեսուրսը մարդկայինն է։ Մնացած ռեսուրսները կարելի է ստեղծել։ Այս մասին այսօր կայացած հիմնադիր համագումարին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյանը։
Պատասխանելով առաջիկա ընտրությունների համատեքստում այլ ուժերի հետ համագործակցության վերաբերյալ հարցին՝ Մանուկյանը նշել է, որ առայժմ այդ մասին չի մտածում, կուսակցությունը զբաղված է իր աշխատանքով, մտածող մարդկանց ներգրավմամբ։ Այդ հարցը կքննարկվի գարնանը, երբ սկսվի նախընտրական շրջանը։ Ելնելով մինչև այդ գրանցած հաջողություններից՝ որոշում կկայացվի ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, հայտնել է Մանուկյանը՝ հավելելով, որ հիմնադիր համագումարին ներկա է եղել մոտ 400 մարդ։
Մեկնաբանելով կալանավորման հնարավորության հարցը՝ հաշվի առնելով երկրի իրողությունները, Մանուկյանը նշել է, որ կալանավորման համար, ինչպես ցույց է տալիս փորձը, բավական է մի երկու բառը. «Կալանքը ոչ մեկին հաճելի չէ, բայց եթե վախենում ենք կալանավորումից, անելիք չունենք քաղաքականության մեջ։ Քանի որ այստեղ ենք, հաշվարկել ենք բոլոր ռիսկերը, և դա արժե դրան»։ Մանուկյանը վստահ է, որ ոչ մի ապօրինի բան չի արել, բայց Սամվել Կարապետյանի օրինակը ցույց է տալիս՝ մի քանի բառի համար կարող են կալանավորել։ Այն դեպքում, երբ դատարանները տնային կալանքի են ուղարկում թմրավաճառներին և մարդասպաններին։
Մանուկյանն անհամաձայնություն է հայտնել «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի դիրքորոշմանը, որն օրերս նախկին նախագահներին կոչ էր արել չմասնակցել ընտրություններին, քանի որ «Փաշինյանը սնվում է նրանց սխալներով»։ Ըստ Մանուկյանի, Թաթոյանի նշած հանգամանքը հայտնի է բոլորին, այդ թվում՝ նախկին նախագահներին, սակայն բոլորն ազատ են վարվել այնպես, ինչպես ցանկանում են։ Ավելին, եթե ինչ-որ մեկը կայուն ընտրազանգված ունի, ապագայում դա կարող է հանգեցնել միավորման։ Իսկ նախկին նախագահներն իրենք թող մտածեն՝ ինչ անեն, որ Փաշինյանը դադարի «սնվել» իրենց անցյալի սխալներով։
Ընդհանուր առմամբ, Մանուկյանը պատրաստ է բոլորի հետ համագործակցել ընդդեմ գործող իշխանության։ «Թիվ մեկ խնդիրը իշխանության վերարտադրությունը թույլ չտալն է»,- ընդգծել է կուսակցության նախագահը։ Այն համատեքստում, թե ինչու է որոշել մտնել քաղաքականություն, Մանուկյանը պարզաբանել է, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը վերաբերում են բոլորին, և անհնար է դրանցից մի կողմ քաշվել։ «Առաջ են քաշվում թեզեր, որոնք վերաբերում են բոլորիս և մեր ապագային։ Գուցե, ըստ նրանց թեզերի, նրանք, ովքեր Հայաստանում կապրեն 50 տարի անց, լավ կապրեն, բայց դրանք հաստատ հայեր չեն լինի»,- պարզաբանել է Մանուկյանը՝ հավելելով. «Նրա հետ, ով ամեն ինչի համաձայն է, չեն պատերազմում, նրան օգտագործում են»։
Արցախի հետ կատարվածը Մանուկյանը բացատրում է Լեռնային Ղարաբաղի հետ հասարակության մեծ մասի թույլ կապով, հետևաբար՝ էմոցիոնալ կապերի, ինչպես նաև պետական քաղաքականության բացակայությամբ։ Ըստ նրա, առկա է «նախկինների» պարադոքսը. մարդիկ կյանքը նվիրել են (Արցախի ազատագրմանը), բայց հետագայում շատ բան չեն արել ձեռք բերված նպատակն ամրապնդելու համար։ Ամենամեծ խնդիրների թվում նա նշել է ընտրությունների կեղծումը։ Եթե ինչ-որ պատճառով պետք էր մնալ իշխանության, ընտրությունները կանեին 7 տարին մեկ։ Իրենց քայլերով հրահրել են ժողովրդի չսիրելը։ Եղել են շատ լավ քայլեր, բայց դրանց զուգահեռ՝ մի շարք քայլեր, որոնք զրոյացրել են նրանց ներդրումը, նշել է Մանուկյանը։ Ըստ նրա, հենց դա թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին հաղթել նրանց և կարող է օգնել կրկին հաղթել, հենց այդ պատճառով անհրաժեշտ են նոր ուժեր։
Ինչ վերաբերում է սրտիկներին, որոնք ամեն առավոտ սոցցանցերով ուղարկում է Փաշինյանը, ապա դրանք հասցեագրված են որոշակի մարդկանց, երբեմն էլ՝ սահմանի մյուս կողմում, նկատել է կուսակցության նախագահը։
Եկեղեցու գործերին միջամտությունը Մանուկյանը համարում է իրավական տեսանկյունից խնդրահարույց, իսկ հոգևոր տեսանկյունից՝ անբարոյական։ Ավելին, հոգևորականներին վերագրվող հայրությունը Մանուկյանը չի համարում այն «մեղքը», հանուն որի կարելի է ոտնձգություն կատարել եկեղեցու նկատմամբ։ «Երեխա ունենալն այն մեղքը չէ, որպեսզի քանդեն եկեղեցին։ Սպանություն չէ և կաշառք չէ։ Խախտումը, եթե անգամ կա, ներքին կանոնադրության խախտում է։ Եկեղեցին քանդելով անձնական հարցեր լուծելն անընդունելի է»,- հիշեցրել է Մանուկյանը։ Մեկնաբանելով, թե ինչպես են ստացվել համապատասխան «ապացույցները», քաղաքական գործիչն առաջարկել է ներկայացնել բոլոր հոգևորականների գաղտնալսումները, և թե դա ինչի կհանգեցնի։ «Եթե լսենք իշխանության ներկայացուցիչներին, ստացվում է մեղավորների ինչ-որ հասարակություն։ Սա հայության կարևորագույն ինստիտուտի քանդման գործընթաց է»,- զգուշացրել է Մանուկյանը։
Արցախցիների խնդրի լուծումը նա այժմ տեսնում է նրանց շուտափույթ ինտեգրման և առաջին հերթին՝ աշխատանքի տեղավորման մեջ։ «Արցախը հայկական պատմական հող է, այստեղ միշտ ապրել են և պետք է ապրեն հայեր»,- ընդգծել է նա։
Վերջում նորաստեղծ կուսակցության նախագահը զգուշացրել է իշխանություններին առաջիկա ընտրությունների կեղծումից։ Ըստ նրա, դա տանում է դեպի բռնապետություն, իսկ բռնապետության դեմ ժողովուրդը պայքարում է հայտնի մեթոդներով՝ հեղափոխություններով։