Փետրվարի 2-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ երկաթգծի կայարանի վերջնամասում զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կարմիր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, ինքնաձիգի 250 փամփուշտ, գնդացրի 2 փամփուշտ, 2 ծխարձակիչ, ինքնաշեն պայթուցիկ սարք եւ 1 հատ պայթուցիկ ծրար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 14.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել մի տղամարդ եւ հանձնել ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 241 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 1 ծխագլանակ եւ ինքնաձիգի 3 պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 15.30-ին, ոստիկանության Սեւանի բաժին է ներկայացել մի տղամարդ եւ հանձնել է «Ֆ-1» եւ «ՌԳԴ-5» տիպի մեկական նռնակ` առանց պայթուցիչի, ամոնալի 1 գլանակ, «Կարաբին» հրացանի 10 եւ ինքնաձիգի 62 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Լճաշեն գյուղի աղբանոցից` պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




























