Արդարադատության նախարրության քրեակատարողական վարչությունը հերքել է մամուլի տեղեկությունները` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՁԻԱՀ-ով հիվանդ երկու դատապարտյալներին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
ՔԿՎ տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներ` ՄԻԱՎ-ով հիվանդ Գագիկ Վ.-ին եւ ՁԻԱՀ-ով հիվանդ Նարեկ Գ.-ին ծեծի են ենթարկել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները:
Հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 319հ. 1 մասով ազատազրկման դատապարտված Գագիկ Վ.-ն եւ 112հ. 1մ., 235հ. 4 մասով ազատազրկման դատապարտված Նարեկ Գ.-ն անօրինական պահանջներ են ներկայացրել վարչակազմին, ապա մերժում ստանալով` կտրող-ծակող առարկաներով փորձել են հարձակվել աշխատակիցների վրա: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության բաժնի աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել եւ կանխել հնարավոր հարձակումը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, դատապարտյալներին ծեծի ենթարկելու պատճառն այն է եղել, որ նրանք պահանջել են օրենքի համաձայն իրենց տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» եւ համապատասխան բուժում իրականացնել, եւ ոչ թե «Գորիս» ՔԿՀ-ի խոնավ խցեր, որտեղ չկան համապատասխան պայմաններ: Գագիկի մայրը եւս հաստատել է որդուն ծեծելու լուրը:




























