ՌԴ Պետդուման լիագումար նիստում որոշում է ընդունել պատգամավոր Անատոլի Վորոնովսկու («Եդինայա Ռոսիա») լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, հաղորդում է ТАСС-ը։
«Դաշնային ընտրատարածքում՝ «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան քաղաքական կուսակցության առաջադրած և Պետդումայի պատգամավորի թեկնածուների դաշնային ցուցակի կազմում ընտրված Պետդումայի պատգամավոր Անատոլի Վլադիմիրովիչ Վորոնովսկու լիազորությունները կհամարվեն վաղաժամկետ դադարեցված 2025 թվականի նոյեմբերի 13-ին՝ նրա գրավոր հրաժարականի հիման վրա»,- նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ Պետդուման որոշում է ընդունել Վորոնովսկու անձեռնմխելիությունը չեղարկելու մասին։ Հաղորդվել է, որ նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։ Պատգամավորը կասկածվում է Դագոմիսի շինարարական ընկերությունից 25 միլիոն ռուբլու կաշառք ստանալու մեջ։ Իր ելույթում Վորոնովսկին հայտարարել է, որ կապացուցի իր անմեղությունը և մտադիր չէ թաքնվել քննությունից։ Նա հանձնել է իր արտասահմանյան անձնագիրը։
Վորոնովսկին ընտրվել է VIII Պետական դումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակով՝ ներկայացնելով Կրասնոդարի երկրամասը։ Մինչ այդ, 2019-2021 թվականներին նա եղել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ, ապա՝ խորհրդական։





























