Ես այսօր խոսելու եմ 25 տոկոս կազմող աշխատող աղքատներից. Մեր հայրենակիցները աշխատում են լրիվ աշխատանքային ռեժիմով և ստանում են ավելի ցածր աշխատավարձ, քան նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը այն նվազագույն ծախսն է, որն անհրաժեշտ է անձին մեկ ամիս գոյատևելու համար։ 2021–ին այս իշխանությունը խոստացավ, որ 2026–ին նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 հազար դրամ, այդ խոստումը չկատարվեց։ Փոխարենը խոսում են միջին աշխատավարձի բարձրացումից։ Ի դեպ, այստեղ էլ չեն տարանջատում, որ դրա մի մասը վիճակագրական թվանկարչություն է, մի մասը վարձատրության ստվերի կրճատում, որոնք սոցիալական ուղիղի ազդեցություն չունեն, մի մասն էլ՝ իրական բարձրացում։

Նվազագույն աշխատավարձը 2026–ին մնալու է նույնը՝ շուրջ 75 հազար դրամ, որը շուրջ 7 հազար դրամով պակաս է, քան այս տարվա կեսին գրանցված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ 2021–ին, այս տարբերությունն ավելի քիչ էր՝ 2 հազար դրամ»,–ասաց նա։

Պատգամավորը նկատեց, որ միջազգային փաստաթղթերով, որոնց միացել է նաև Հայաստանը, նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի միջին աշխատավարձի 40 տոկոսից. «2021–ին այդ հարաբերակցությունը 47 տոկոս էր, իսկ հիմա 35 տոկոս է։ Այսինքն նվազագույն շեմից 5 տոկոսային կետով պակաս։

ԱԿնհայտ է, որ նախորդ 5 տարիներին աշխատող աղքատների նկատմամբ վարվել է ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական քաղաքականություն, որի հետեւանքով նրանց սոցիալական վիճակը փաստացի վատացել; է»,– ընդգծեց նա։