Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրոպան իր գործողություններով փորձում է խոչընդոտել Ուկրաինայում խաղաղության գործընթացը, գրում է «Коммерсантъ»-ը։
Նա նշել է, որ դրա մասին են վկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրում եվրոպացիների առաջարկած փոփոխությունները։ Պուտինը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ եվրոպացիների վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ, եթե նրանք հաշվի առնեն «գետնի վրա իրողությունները»։
«Նույնիսկ երբ նրանք փորձում են որոշ փոփոխություններ կատարել Թրամփի առաջարկներում՝ մենք հստակ տեսնում ենք՝ այս բոլոր փոփոխությունները մեկ նպատակի են ուղղված՝ խոչընդոտել ամբողջ խաղաղության գործընթացը»,- ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինը։
«Եթե նրանք իսկապես ցանկանում են իրականություն վերադառնալ՝ հիմնվելով գետնի վրա ծավալվող իրավիճակի վրա, խնդրեմ»,- հավելել է Ռուսաստանի առաջնորդը։
Ավելի վաղ Կրեմլ էին ժամանել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների համար։ Բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայում խաղաղության կարգավորման վրա։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը, ինչպես սպասվում է, ռուսական կողմին կներկայացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու ծրագրի նոր տարբերակը: Կրեմլի մամուլի ծառայությունը ԱՄՆ սկզբնական ծրագիրն անվանել է «շատ լավ հիմք» խաղաղության շուրջ քննարկումների համար:





























