2011 թվականին Հայաստանում դեռահասների կողմից ինքնասպանության 45 փորձ է գրանցվել: Այս մասին հայտնել է Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն, այսօր` փետրվարի 3-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: 

Ըստ Նելլի Դուրյանի` 45 փորձերից 9-ը մահացու ելք են ունեցել: Դեպքերի վիճակագրությունը վկայում է աճի մասին, սակայն մահացու ելքով դեպքերը նվազել են. 2010 թվականին գրանցվել էր ինքնասպանության  41 փորձ, որոնցից 13-ը` մահացու ելքով:

«Հիմնականում դեռահասները դեղահաբեր են ընդունում կամ կտրում իրենց երակները, եւ մեծամասամբ հաջողվում է փրկել երեխաներին», - նշել է Դուրյանը:

Ինքնասպանություն գործածներից ամենափոքրն անցյալ տարի է եղել` 14 տարեկան: Ինքնասպանության փորձ կատարող դեռահասների միջին տարիքը 17-ն է: Ընդ որում` մեծամասնությունը կազմում են աղջիկները: Օրինապահ մարմինները ինքնասպանությունների հիմնական պատճառ նշում են անպատասխան սերը եւ ծնողների հետ տարաձայնությունները: