Ռուսաստանը կարող է Ուկրաինային կտրել ծովից՝ ի պատասխան Սև ծովում լցանավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցություններից առաջ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է նաև, որ Մոսկվան կընդլայնի հարվածների թիրախների շրջանակը և կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակվելու հարցում Ուկրաինային օգնող երկրների նավերի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։
«Մենք կքննարկենք այն երկրների նավերի դեմ պատասխան միջոցների հնարավորությունը, որոնք օգնում են Ուկրաինային այդ գործողություններում, այդ ծովահենական գործողություններում»,- ասել է Պուտինը։
«Ամենաարմատական տարբերակը Ուկրաինային ծովից կտրելն է. այդ դեպքում ծովահենությունը սկզբունքորեն անհնար կլինի,- ասել է Պուտինը՝ ակնարկելով, որ Ռուսաստանը կարող է ապագայում դիմել նման միջոցների։ -Հուսով եմ՝ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը և նրանց հետևում կանգնածները կքննարկեն՝ արդյոք արժե՞ շարունակել այդ գործելաոճը»։
Այսօր Midvolga 2 լցանավը, որը Ռուսաստանից Վրաստան էր ուղևորվում սննդամթերքի բեռով, հարձակման է ենթարկվել Թուրքիայի ափերից 80 մղոն հեռավորության վրա։ «Росморречфлот»-ը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավի վրա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ անձնակազմի 13 անդամներից ոչ մեկը չի տուժել, նավն էլ շարունակել է իր ճանապարհը դեպի վրացական նավահանգիստ։
Նոյեմբերի 28-ին Սև ծովում հրդեհվել են Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos и Virat լցանավերը, որոնք բնութագվում էին որպես Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս։ Հաջորդ առավոտյան Virat կրկին հարձակման է ենթարկվել։ Նավի նավապետը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվում են նավի վրա։ BBC-ն և Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, ենթադրում են, որ հարձակումներին ներգրավված է Ուկրաինան։





























