Իրանը արագացրել է հարևան Իրաքի հետ համատեղ նավթահանքի զարգացումը՝ այդ հանքավայրից արդյունահանումը մեծացնելու նպատակով, հաղորդում է Mehr-ը։

Իրանի նավթի ազգային ընկերության («NIOC») հետ աշխատող կապալառուն երեքշաբթի օրը հայտարարեց, որ պաշտոնապես մեկնարկել է Ազար նավթային հանքավայրի շահագործման ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակն է նավթի արդյունահանումն ավելացնել օրական 30,000 բարելով, հաղորդում է Press TV-ն։

Քեյվան Յարախմադիի խոսքով՝ ծրագիրը ներառում է 19 նոր հորատանցքերի հորատում Ազար նավթային հանքավայրում։ Նա հավելել է, որ շուտով կսկսվեն հանքավայրում լրացուցիչ աշխատանքները, ինչպիսիք են շերտի թթվային ճեղքումը, պոմպերի տեղադրումը և խողովակաշարի կառուցումը։ Ազար նավթային հանքավայրը, որը գտնվում է Իրանի արևմտյան Իլամ նահանգում, երկրաբանորեն կապված է Իրաքի Բադրա հանքավայրի հետ։

Հանքավայրի պաշարները գնահատվում են 2,5 միլիարդ բարել նավթ, որից մոտ 400 միլիոն բարելը համարվում է արդյունահանվող։ 2024 թվականի մարտին NIOC-ը ներքին ընկերությունների հետ ստորագրել է ընդհանուր առմամբ շուրջ 13 միլիարդ դոլարի պայմանագրեր՝ Իրաքի հետ համատեղ նավթային հանքավայրերի մշակման համար։ Դրանց թվում էր 20-ամյա համաձայնագիրը՝ 1,036 միլիարդ դոլար արժողությամբ, որը կնքվել էր «Sarvak Azar Engineering & Development Company»-ի հետ՝ Ազար նավթային հանքավայրի մշակման ծրագրի երկրորդ փուլի համար։

Վերջին տարիներին Իրանը ակտիվացրել է Իրաքի հետ համատեղ նավթահանքերի զարգացման իր ջանքերը, մասնավորապես այն պատճառով, որ Իրաքը շարունակում է ապավինել խոշոր միջազգային նավթային ընկերություններին՝ համատեղ հանքավայրերի իր բաժինը զարգացնելու համար: Այս համատեղ հանքավայրերից ամենամեծը Ազադեգանի նավթահանքն է, որը զբաղեցնում է 1500 քառակուսի կիլոմետր տարածք նավթով հարուստ Խուզեստան նահանգում և տարածվում է մինչև Իրաքի Մաջնուն նավթահանքը: Ազադեգանը համարվում է աշխարհում տասներորդ խոշորագույն նավթահանքը՝ 32 միլիարդ բարել պաշարներով: