Team Holding-ը նոր ներդրումային գործիք է ներմուծում շուկա. ընկերությունը մեկնարկել է իր անվանական/կուպոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Այս քայլը ներդրողներին հնարավորություն է տալիս օգտվելու հուսալի կորպորատիվ ապրանքից արագ զարգացող ոլորտում: Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia-ի միջոցով, որը երաշխավորում է լիակատար թափանցիկություն, մասնագիտական ուղեկցում և միջազգային չափանիշներին համապատասխանություն:
Ծրագրի մեկնարկի կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ելույթ ունեցան Team Group-ի համահիմնադիր Հայկ Եսայանը և Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը՝ ընդգծելով նոր գործիքի հիմնական առավելություններն ու հնարավորությունները ներդրողների համար:
Ծրագրի առանձնահատկությունը. կողմնորոշում դեպի մանրածախ շուկա
Team Group-ի համահիմնադիր Հայկ Եսայանը հայտարարեց, որ պաշտոնական փաստաթղթում նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,5 միլիոն ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ ՀՀ դրամ ու կիրականացվի երկու փուլով:
Ըստ նրա՝ առաջին փուլում ընկերությունն առաջարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր. դոլարային թողարկման անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 դոլար, արժեկտրոնի եկամուտը՝ 9%, իսկ շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Եսայանը շարունակեց, որ դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1,4 միլիարդ դրամ է, յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ, եկամտաբերությունը՝ 12%, իսկ շրջանառության ժամկետը՝ նույնպես 48 ամիս։

Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2026 թվականի մարտի 3-ը, իսկ երկրորդ փուլը, որի շրջանակում կառաջարկվի մնացած 22,5 միլիոն դոլարը, կսկսվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում, ընդգծել է նա։
Ծրագրի հիմնական առանձնահատկությունը կողմնորոշումն է դեպի մանրածախ շուկա: «Սա հայկական շուկայում առաջին խոշորածավալ տեղաբաշխումն է, որն ամբողջությամբ կենտրոնացած է մանրածախ ներդրողների վրա։ Սա է նրա բացառիկությունը։ Մեր գործընկերների հետ բանակցությունների արդյունքում մենք համաձայնության եկանք ավելի բարձր տոկոսադրույքի շուրջ, քան նախատեսված էր։ Դա արվեց հատկապես նրա համար, որ ծրագիրը հնարավորինս շահավետ լինի մանրածախ հատվածի համար»,- նշել է Եսայանը:
Ներդրումներ էներգետիկայի, շինարարության և լոգիստիկայի ոլորտներում
Եսայանը նշել է, որ ընկերությունը թողարկում է պարտատոմսեր որպես երկարաժամկետ ներդրումային գործիք՝ հոլդինգի ենթակառուցվածքային և նորարարական նախագծերի համար միջոցներ ներգրավելու նպատակով։
«Վերջին մի քանի տարում մեզ հաջողվել է բավականին արագ լուծել մեր առջև դրված խնդիրները։ Մենք ակտիվորեն զարգանում ենք ոչ միայն հեռահաղորդակցության, այլև այլընտրանքային էներգիայի, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի և մի շարք այլ ոլորտներում։ Team Holding-ը ներառում է տասից ավելի ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրը արագացված զարգացման կարիք ունի։ Հենց այդ պատճառով էլ պարտատոմսեր թողարկելու որոշում ընդունեցինք»,- հայտարարել է նա։
Ըստ Եսայանի՝ ներգրավված միջոցները հիմնականում կօգտագործվեն էներգետիկայի զարգացման, կապիտալ շինարարության, լոգիստիկայի և էներգախնայողության համար, մասնավորապես՝ արևային էլեկտրակայանների կառուցման համար։ Նա հիշեցրել է Firebird ընկերության հետ համատեղ իրականացվող նախագիծը. երկրորդ փուլում էլեկտրաէներգիայի սպառումը կաճի մինչև 100 ՄՎտ, ինչը հատկապես արդիական է դարձնում ներդրումներն այլընտրանքային էներգիայի աղբյուրներում։

Եսայանն ընդգծել է, որ նման ֆինանսների ներգրավման նման ծրագրերը երկարաժամկետ և կանոնավոր կլինեն, քանի որ աճող բիզնեսները մշտապես լրացուցիչ ռեսուրսների պահանջ ունեն։
«Մենք շատերից տարբերվում ենք նրանով, որ մեր հոլդինգի կազմ են մտնում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում գործող ընկերություններ։ Դա ապահովում է ռիսկերի և եկամտաբերության կարևոր դիվերսիֆիկացիա»,- նշել է նա։
Մատչելի պարտատոմսերի նոր դարաշրջան
Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանն իր հերթին նշել է.
«Մեզ համար ներդրողներին պարզ, հասկանալի և հուսալի գործիքներ տրամադրելն առաջնահերթություն է։ Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարևոր նախաձեռնություն է, որը միաժամանակ նպաստում է ընկերության զարգացմանը և Հայաստանի կապիտալի շուկայի կայուն աճին»։
Նա հիշեցրել է, որ Freedom Broker Armenia-ն իր բրոքերային արտոնագիրը ստացել է 2021 թվականին և երեք տարվա ընթացքում ստեղծել է հզոր ենթակառուցվածք և լիարժեք ներդրումային էկոհամակարգ։

«Երբ մենք մտածում էինք շուկայի զարգացման մասին, գիտեինք, որ առաջինն ու ամենակարևորը ներդրողներին տարբեր արժեթղթերի արագ և հարմար հասանելիություն տրամադրելն է։ Այսօր հաճախորդին ընդամենը հինգ րոպեն բավական է՝ տեղաբաշխմանը մասնակցելու համար. հաշիվը բացվում է ամբողջությամբ առցանց, իսկ Team Holding-ի պարտատոմսերի գնումը կատարվում է մի ակնթարթում։ Մեր հարթակն ի վիճակի է միաժամանակ մի քանի հարյուր հազար հաճախորդի սպասարկելու. դա շատ կարևոր առավելություն է»,- ընդգծել է Հովակիմյանը։
Նա նշել է, որ Team Holding-ի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։ Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025 թ. նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ:





























