Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փոխել իր սովորությունը՝ առանցքային միջոցառումներից ուշանալու վերաբերյալ, այդ թվում՝ արտասահմանյան հյուրերի հետ հանդիպումներից։
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆին և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին, ովքեր նախօրեին այցելել էին Մոսկվա՝ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, ստիպել են սպասել Պուտինին Կրեմլում, մինչ նա ելույթ էր ունենում «Ռուսաստանը կանչում է» ֆորումում, հայտնում է CNN-ի թղթակից Ալայնա Թրինը՝ հղում անելով աղբյուրներին։
Politico-ի տվյալներով, Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ հետաձգվել է գրեթե 3 ժամով։ Դրան հաջորդած 5-ժամյա բանակցություններն անզոր են եղել խաղաղ գործընթացը տեղօց շարժելու համար։ Կրեմլի համար առանցքային տարածքային հարցի շուրջ «փոխզիջումային տարբերակ չի գտնվել», երեքշաբթի երեկոյան հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Սխալ է ասել, որ Պուտինը մերժել է Թրամփի խաղաղության ծրագիրը, չորեքշաբթի օրը պարզաբանել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կարծիքների նման ուղղակի փոխանակումն առաջին անգամ տեղի է ունեցել երեկ և կրկին նշվել է, որ երեկ, որոշ բաներ ընդունվել են, որոշները՝ ոչ և սա փոխզիջում գտնելու նորմալ աշխատանքային գործընթաց է», - բացատրել է Պեսկովը։
Նախորդ բանակցային փուլերը՝ Ստամբուլում և Ալյասկայում, ավարտվել են նույն արդյունքով. Պուտինը հրաժարվել է զիջումների գնալ կամ մեղմացնել հռետորաբանությունը։ «Կասկած չկա, որ Պուտինը կարծում է, որ ևս մեկ անգամ ամեն ինչ բացատրել է և այժմ մյուսները պետք է իրենց մեջ որոշեն, թե արդյոք ցանկանում են ավարտել պատերազմը», - Politico-ին ասել է R.Politik-ի հիմնադիր Տատյանա Ստանովայան։
Նա կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության, բայց «պարզապես իր պայմաններով»։ NBC News-ի տվյալներով, Պուտինը պահանջում է Դոնբասի ամբողջական հանձնում, սահմանափակումներ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի վրա և գրավված ուկրաինական տարածքների միջազգային ճանաչում։ Այս երեք հարցերում նա պատրաստ չէ փոխզիջման։
Երբ Պուտինը սկսել է պատերազմը, նա մտադիր է եղել վերահսկողություն հաստատել ամբողջ Ուկրաինայի նկատմամբ, բայց հիմա նա հավակնում է միայն դրա մի մասին, ուստի, նրա տեսանկյունից, նա արդեն իսկ զգալի զիջումների է գնացել, գրում է քաղաքագետ Աբբաս Գալյամովը։
Պուտինը վախենում է, որ եթե նա հրաժարվի Դոնբասը հիմա գրավելու գաղափարից, նրա շրջապատը կսկսի նրան «պարտվող» համարել, կարծում է Գալյամովը. «Իր սկզբնական ախորժակը մեծացնելով՝ Ռուսաստանի նախագահը հայտնվել է մի թակարդում, որից հիմա չգիտի, թե ինչպես դուրս գալ»։




























