Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պալամի ռազմաօդային բազայում իր ինքնաթիռի օդանավասանդուղքի մոտ։ Պուտինը երկիր է ժամանել երկօրյա այցով, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Նարենդրա Մոդիի որոշումը՝ անձամբ դիմավորել Վլադիմիր Պուտինին ժամանելուն պես, անակնկալ էր Ռուսաստանի համար։ «Դա որոշում էր, որն ընդունվեց հանկարծակի. մենք տեղյակ չէինք դրա մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Երկու առաջնորդները միմյանց ձեռք սեղմեցին և գրկախառնվեցին։ Միմյանց ողջունելուց հետո Պուտինը և Մոդին նստեցին Հնդկաստանի վարչապետի ավտոմեքենան։
Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան կտևի մինչև դեկտեմբերի 5-ը։ Նույն այդ ժամանակ Նյու Դելիում ընթանում է նաև ռուս-հնդկական բիզնես ֆորումը։




























